Մատչելիության հղումներ

Դատախազությունը լռություն է պահպանում «Տրիումֆ» սրճարանի փոխհրաձգության հետաքննության շուրջ


Երեւանի դատախազությունը, որի վարույթում է գտնվում ուրբաթ օրը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում փոխհրաձգության գործը, երկուշաբթի օրը խուսափեց մանրամասներ հաղորդել դեպքի առնչությամբ, որի արդյունքում հինգ մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ «Տրիումֆ»-ից ոչ հեռու գտնվող «Առագաստ» սրճարանում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

Վիրավորված երիտասարդներից 3-ը տեղափոխվել էին Նոր Նորքի հիվանդանոց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գագիկ Մանուկյանը, երիտասարդներից մեկը՝ Խաչատուր Խաչատրյանը, դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժնում: Մյուս երկուսը, որոնցից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածքով, արդեն տեղափոխվել են վնասվածքաբանության բաժին: Մանուկյանի հավաստմամբ, վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում:

Ըստ ոստիկանության տվյալների, միջադեպի արդյունքում վիրավորվել էին 5 մարդ: Թե որտեղ են գտնվում մյուս երկու վիրավորները, հայտնի չէ:

Քաղաքաշինության նախարար Արա Արամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ տուժածներից մեկը իր որդին է՝ Հայկ Արամյանը: Նախարարի խոսքերով, իր որդու կյանքին վտանգ չի սպառնում: Արա Արամյանը ասաց, որ չի պատկերացնում, թե ինչը կարող էր առիթ հանդիսանալ՝ պնդելով, թե իր որդին երբեւէ զենք չի կրել:

Արա Արամյանը նաեւ հերքեց լուրերը, թե իր որդուն վիրավորել է մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի որդին:


Ռուզան Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG