Մատչելիության հղումներ

Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, ըստ նախնական արդյունքների, համոզիչ կերպով հաղթել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում:

«Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանյան Դաշնության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ռուսաստանը մարտի 14-ին միանշանակ ընտրություն կատարեց ի շահ կայունության, ժողովրդավարության եւ բարգավաճման», - ասված է ուղերձում, որն այսօր հրապարակել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: - «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական մեծ ներդրումը ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խորացման գործում: Հաջողություններն այստեղ ակնառու են երկկողմ կապերի ողջ համալիրում: Ցանկանում եմ հավաստել մեր պատրաստակամությունը շարունակելու ջանքերը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ»:

Ռուսաստանի նախագահի վերընտրությունը ողջունում են նաեւ իշխանական կոալիցիայի ղեկավար ներկայացուցիչները: «Պուտինը նշանակում է Ռուսաստանի ներքին ուժեղացում, որը Հայաստանի համար ձեռնտու է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Դաշնակցության ղեկավար անդամներից Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը՝ ավելացնելով: - «Մյուս կողմից, մենք պետք է աշխատենք, եւ դա կպահանջի մեր արտաքին հարաբերություններով զբաղվող գերատեսչություններից եւ անհատներից ավելի մեծ ճկունություն՝ ինքնուրունությունը պահպանելու իմաստով»:

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության անդամ, պատգամավոր Շավարշ Քոչարյանի խոսքերով, այլընտրանքի բացակայությունը «ինքնին բնութագրում է այդ երկրի համակարգը», ինչը «չափազանց անցանկալի է նաեւ Հայաստանի համար»:

«Ռուսաստանը ունի էական ազդեցություն Հայաստանի վրա եւ, բնական է, որ կցանկանա նույն ավտորիտար ճանապարհով զարգանան իր ազդեցության ոլորտի տակ գտնվող պետությունները», - ասաց Շավարշ Քոչարյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG