Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Տգետությունը չպետք է մեկնաբանվի, տգետությունը պետք է արհամարհվի». Ռոբերտ Քոչարյանի այս ձեւակերպումն է «Հայոց աշխարհ» թերթում ընտրվել ուսանողության հետ նրա երեկվա հանդիպման մատուցման վերնագիր: Եվ առաջին հերթին ընդգծվում է. - «Հանդիպումը խնամքով նախապատրաստված եւ վարպետորեն ուղղորդված էր: Միայն թե ոչ նախագահի օգնականի, ինչպես ծանուցել էր հհշական մամուլը, այլ արմատական հուշարարների կողմից: Իսկ թե արդյունքում ո՛վ շահեց, ո՛վ հերթական անգամ ձախողվեց, դատեք ինքներդ»: «Դահլիճում միայն «բազեներ» չէին», - իր հերթին արձանագրում է «Ազգ» թերթը՝ ավելի դրական ընկալմամբ. - «Դատելով հնչած հարցերից՝ կարելի է ասել, որ այս անգամ ներկաները դժգոհելու առիթ չունեին, թե հանդիպմանը մասնակցում էին միայն «պալատական-երգիչ»-ուսանողները։ Փաստ, որ կարեւոր է վստահության մթնոլորտի եւ ընդունելի տարբերակներով խնդիրներ բարձրացնելու համար»։

«Երեկ ԵՊՀ-ում Ռոբերտ Քոչարյանի եւ ուսանողության ներկայացուցիչների հանդիպման ընթացքում հաճախ են ծափահարություններ հնչել: Այդ ծափահարությունները, սակայն, հիմնականում ուղղված են եղել ոչ թե Ռոբերտ Քոչարյանի տված պատասխաններին, այլ ուսանողների տված այն հարցերին, որոնց ենթատեքստում ընդդիմադիր շեշտադրումներ են եղել», - ընդգծում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ուսանողների հետ Քոչարյանի ունեցած հերթական հանդիպումը որակապես տարբերվել է նախորդներից: Դրանցում հնչել են հանդուգն եւ Քոչարյանին ոչ այնքան հաճելի հարցեր: Ու չնայած դեռեւս մեկ շաբաթ առաջ ԵՊՀ ղեկավարությունը ձեռնամուխ էր եղել բազեական ակտիվիստներին հանդիպմանը ներկայանալու համար հաշվառելու գործին, ԵՊՀ մեծ դահլիճ են սողոսկել նաեւ ինքնուրույն մտածողություն ունեցող տարրեր»: «Ուսանողները նեղեցին Քոչարյանին» վերնագրի տակ «Հայկական ժամանակ»-ում նշվում է նաեւ, թե Քոչարյանն ակնհայտորեն պատրաստ չէր դեպքերի նման զարգացմանը, պատասխաններում լավ չէր կողմնորոշվում, կոպիտ էր ու նյարդային: «Եթե շախմատ խաղացող լինեի կամ գիրք կարդացող, արդեն գիտեք, թե ինչ կասեին, որովհետեւ անցել ենք այդ ժամանակներով», - երեկ ասում էր Ռոբերտ Քոչարյանը, եւ «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, հատուկ ուշադրություն սեւեռելով սրան, ամփոփել է. - «Իրոք որ, գիրք կարդացողների ժամանակներն անցել են»:

Որոշակի տարակույսներ է առաջ բերել եւ նախագահի միտքը, թե մոտ 14 տոկոս տնտեսական աճի պայմաններում «քաղաքական ճգնաժամի մասին խոսելն ուղղակի անհեթեթ է»: «Առավոտ» թերթում այսօր արդեն կա ընդդիմադիրներից պատգամավոր Վիկտոն Դալլաքյանի արձագանքը, թե մեր կյանքի որակի բարելավման պնդումներին հումորով են վերաբերում, քանզի իրականում Համաշխարհային բանկի եւ ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանի բնակչության 87%-ն աղքատ է:

«Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը ընդդիմության ընթացիկ վարք ու բարքը խտացրել է այսպես. - «Ստախոս Գեղամյանը, որը խոստանում էր գարունը դիմավորել առանց հանցավոր վարչախմբի, գյուղեր է ներխուժում սելավաջրի արագությամբ։ «Հանրապետություն»-ը զբաղված է սեփական զինապահեստների համալրմամբ։ Իսկ որպեսզի կայֆը լիարժեք լինի, ստեղծվել է համակարգող շտաբ, որը գլխավորում է Վիկտոր Դալլաքյանը։ Այո, եթե սույն ընկերներին ժամանակին չբուժեն, ապա սատանան գիտի, թե ինչով այս ամենը կավարտվի», - բխեցնում է խմբագիրը՝ ընդհանուր առմամբ ընդդիմադիրներին նմանեցնելով «վարժեցման չտրվող շիմպանզեների»:

Նորանշանակ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքին», որը, հակառակ միջազգային կառույցների հորդորների, շարունակում է գործել եւ օգտագործվել որպես՝ խաղաղ ցույցերի եւ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ վարչական պատժամիջոց: Ժամանակին ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հովիկ Ասրյանը նույնիսկ կարծիք էր հայտնել, թե ճիշտ է, որ այդ օրենքի համաձայն մարդիկ պատժվում են: Տիկին Ալավերդյանը համամիտ չէ այդ դիրքորոշմանը: Նա նշում է, որ մեր օրենսդրությունը նաեւ այդ մասով պետք է համապատասխանեցվի միջազգային ընդունված եւ ճանաչված նորմերին, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հռչակագրին: Ներկայումս նման օրենքի գոյությունը որակվում է «խորհրդային իներցիա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG