Մատչելիության հղումներ

Կառավարության անդամները այցելեցին Շիրակի մարզ, ընդդիմադիրները՝ Լոռի


Մինչ կառավարության անդամները, ի կատարումն վարչապետ Մարգարյանի հանձնարարականի, չորեքշաբթի օրը հանդիպումների էին մեկնել Շիրակի մարզ, ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը հանրահավաքներ անցկացրեց Լոռու մարզում:

Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում կառավարության անդամների հանդիպումները անցան խաղաղ, բնակչության անտարբեր վերաբերմունքի մթնոլորտում: Չկար իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բորբոքված, թշնամական վերաբերմունքը, որ դիտվեց, օրինակ, այս ամիս ավելի վաղ Գառնիում:

«Մենք կռվելու միտք չունենք, հոգնել ենք արդեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Լանջիկ գյուղի մի տարեց բնակիչ՝ բացատրելով. - «Որովհետեւ ոչինչ չի կարող լինի, որ ասենք՝ մի բան եղավ»:

Հանդիպումների ժամանակ վիճաբանություններ, անշուշտ, եղան, սակայն, իրենց խոսքը բորբոքված սկսող մարդիկ քիչ անց հանգստանում էին, իսկ պաշտոնյաները անվրդով լսում Էին իրենց ուղղված բողոքները եւ, ինչպես միշտ, խոստանում սեղմ ժամկետներում լուծել բարձացված հարցերը:

Ընդհանուր առմամբ, այսօրվա հանդիպումներից տպավորություն էր ստեղծվում, թե կառավարության անդամների համար մարզեր այցելելու վարչապետի հանձնարարականի կատարումը աստիճանաբար ինքնանպատակ է դառնում: Մարզեր այցելող պաշտոնյաները դա, իհարկե, հերքում են՝ պնդելով միաժամանակ, որ մարզային այցելությունները ընդդիմությունից առաջ ընկնելու նպատակ չեն հետապնդում:

Տարածքային կառավարման փոխնախարար Գագիկ Ասլանյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ես գտնում եմ, որ սա անհրաժեշտ է»: Նա ավելացրեց նաեւ, որ «ողջունելի են» թե' իշխանությունը ներկայացնող քաղաքական գործիչների, թե' ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումները ժողովրդի հետ:

Լանջիկ գյուղում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման եկած ընդամենը մի քանի տասնյակ գյուղացիները ազնվորեն խոստովանեցին, թե որեւէ սպասելիք չունեն այդ հանդիպումից. գալու գլխավոր շարժառիթը ձանձրույթն է:

«Ձեւական բնույթ կրող բան է», - ասաց մի լանջիկցի: - «Սրանք ժողովրդին օգուտ չեն տալիս»:

Արթիկում զգացվում էր, որ տեղական իշխանությունները խնամքով պատրաստվել են պաշտոնյաների այցին: Մի շարք այլ մարզերի օրինակով, առաջին շարքերում գյուղապետերն ու նրանց մերձավորներն էին, դահլիճի տարբեր հատվածներում էլ խումբ-խումբ ամրակազմ երիտասարդներ էին նստած:

«Իրենք այնպես արեցին, ոնց որ շոու լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի երիտասարդ արթիկցի: - «Բոլոր գյուղապետերին կանչել են իրենց աշխատողներով, դրա համար էլ տպավորություն կա, թե ժողովուրդը շատ է»:

«Հասարակ ժողովուրդը հարց չի կարող տալ», - ավելացրեց մեկ ուրիշը: - «Թեկուզ փողոցում, թեկուզ այստեղ ճնշումը [մարդկանց վրա] միշտ կա»:

Արթիկցիներից շատերը դահլիճը սկսեցին լքել մոտ մեկ ժամ տեւած հանդիպման կեսից: Նրանց չխանգարեց նույնիսկ այն, որ դահլիճի մուտքը ոստիկանները փակել էին՝ դռան դիմաց նստարաններ տեղադրելով: Կիսամութ ու ցուրտ դահլիճում մինչեւ վերջ դիմացան միայն առաջին շարքերում նստածները:

Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի հանդիպումներին Լոռու մարզում, ընդհակառակը, այսօր, հենց լոռեցիների խոսքերով, իշխանությունները մարդկանց հրահանգել են չգնալ:

«Երեկ մարզպետը՝ Քոչինյանը, եկել է եւ ասել է, որ գյուղերից մարդ չգա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ալավերդի քաղաքում «Արդարություն» դաշինքի հանրահավաքի եկածներից մեկը:

Հանրահավաքի կազմակերպիչները, ովքեր, բնականաբար, տեղյակ էին դրան, իշխանափոխության անհրաժեշտության իրենց հիմնավորումներին ավելացրել էին եւս մեկը: «Այսօրվա իշխանությունը հիմնվում եւ հենվում է տեղական հանցագործների վրա, որոնցից մեկը Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանն է», - հանրահավաքում ասաց «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Տեղական բոլոր մանկլավիկներին մենք զգուշացնում ենք՝ ռեշոտկեքի հետեւն են հայտնվելու. այստեղից սկսած՝ Քոչինյանով վերջացրած: Մենք դա խոստանում ենք ձեզ»:

Այսօրվա հանրահավաքներում մի նոր երանգ էր ավելացել. իշխանափոխության մասին խոսվում էր ոչ թե որպես իրականացվելիք ծրագրի մասին, այլ՝ որպես անխուսափելի իրողություն: «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հրանտ Խաչատրյանը իր ելույթում ասաց, թե իշխանությունը արդեն մտածում է «նահանջի ուղիների մասին»:

Նրա խոսքերով, իշխանությունները փորձում է «ժողովրդին մոլորության մեջ գցելով, իշխանությունը փոխանցել մարդկանց, ովքեր երաշխիքներ կտան իրենց»:


Գեւորգ Ստամբոլցյան եւ Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG