Մատչելիության հղումներ

Նորաստեղծ հանձնախումբը օգնելու է ուսանողներին պաշտպանել իրենց իրավունքները


«Զինապարտության մասին» նոր օրենքի նախագծի դեմ ուսանողության պայքարի արդյունքում կառավարության կողմից օրինագիծը Ազգային ժողովից հետ կանչելը ոգեւորել է երեւանյան բուհերի ուսանողներին, որոնք ստեղծել են Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնախումբ:

Հանձնախումբը ներկայումս մշակում է ծրագիր, որը ներկայացվելու է համապատասխան մարմիններին: Ծրագիրը կամփոփի ուսանողների հիմնահարցերին, պարտականություններին ու իրավունքներին վերաբերող դրույթները:

Հանձնախմբի անդամներից ԵՊՀ ուսանող Հայկը, օրինակ, կարծում է, որ ուսանողները դեռեւս «պատրաստ չեն պաշտպանելու սեփական իրավունքները», քանի որ, ըստ անցած ամիս իրենց անցկացրած փոքրիկ հարցախույզի, սեփական իրավունքների խախտման հետ բախվող ուսանողները ոչ թե օրինական կարգով են պայքարում դրա դեմ, այլ խնդիրը փորձում են լուծել «անձնական կապերով»:

Հայկի կարծիքով, ուսանողների տեղեկացվածությունը բարձրացնելու լավագույն ուղին համաժողովներ կազմակերպելն է, ինչը շատ ավելի դյուրին կլինի անել ուսանողական խորհուրդների աջակցությամբ: Մինչդեռ, բոլոր բուհերում գործող ուսանողական խորհուրդները, որոնք կոչված են յուրատեսակ «կամուրջ» լինելու ուսանողների եւ տվյալ բուհի ղեկավարության միջեւ, հաճախ ուսանողների շահերը պաշտպանելու փոխարեն «զինակցում են» բուհի ղեկավարությանը՝ աջակցելով սոսկ վերջինիս պահանջների կատարմանը:

Հայկի խոսքերով, իրենց նախաձեռնությունը աջակցություն է գտել անգամ ԵՊՀ ղեկավարությունից ոմանց մոտ, իսկ մի շարք կազմակերպություններ պատրաստ են անգամ համաժողովների կազմակերպմանը աջակցել ֆինանսապես:

«Ուսումնական հաստատությունների եւ բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում կան ուսանողների իրավունքներին վերաբերող բազմաթիվ կետեր, ինչը, անշուշտ, ողջունելի է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնախմբի մեկ այլ անդամ՝ Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Աննան՝ ավելացնելով. - «Ցանկալի կլիներ, սակայն, որ այլ հարցեր էլ ընդգրկվեին այդ նախագծում»:

Աննայի խոսքերով, մինչդեռ, բուհի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված այդ օրինագծի քննարկումներին մասնակցում են ուսխորհրդի կողմից ընտրված ուսանողները, որոնք «տեղյակ էլ չեն, թե ինչի մասին է այդ նախագիծը»:

Ինչպես Աննան, այնպես էլ Հայկը անթույլատրելի են համարում, որ մեզանում ուսանողական խորհուրդները խիստ քաղաքականացված են, ինչի մասին վկայեց ուսխորհուրդների ակտիվ քարոզչական աշխատանքը անցած տարվա համապետական ընտրություններից առաջ:


Արման Հակոբյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG