Մատչելիության հղումներ

Կառավարության անդամները շարունակում են հանդիպումները մարզերում


Կառավարության անդամների երկրորդ մարզային այցելությունը շատ ավելի խաղաղ մթնոլորտում անցավ, քանի առաջինը Գառնիում, ուր հանդիպումը ավելի շատ հակաիշխանական բողոքի ցույց էր հիշեցնում: Արագածոտնի մարզում, սակայն, տպավորություն մնաց, թե այդ խաղաղ մթնոլորտը «կազմակերպված» էր:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղի դպրոցի դահլիճում նախարարների, փոխնախարարների, կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպմանը առաջին շարքերում նստած էին առավելապես գյուղապետերը: Հանդիպումը բացվեց Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հայտարարությամբ՝ «Նստում ենք լուռ, խոսում ենք հերթով»:

Կառավարության անդամներին ուղղվող հարցերի մի մասը ընթերցվում էին թղթից՝ սկսելով կառավարությանն ուղղված շնորհակալական խոսքերից: Իսկ 100 տեղանոց դահլիճի վերջին շարքերում գյուղացիները լրագրողների հետ խոսում էին շշուկով՝ նախապես շուրջը նայելուց հետո:

«Ես ոչինչ չեմ ասի: Իմաստ չունի, ի՞նչ ասեմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց վերջին շարքերում նստածներից մեկը: - «Հազար հատ հարց կա... Ես հետո թաքուն կխոսեմ»:

Մարզպետ Գյոզալյանը չհամաձայնեց, թե հանդիպումը «կազմակերպված է»՝ փաստարկելով, թե նախարարներին բերել է մարզի ամենաաղքատ գյուղերից մեկը:

«Ես չեմ վախենում [որ կկրկնվի Գառնիի պատմությունը]: Ինչո՞ւ պիտի վախենամ», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց նա: - «Ժողովուրդ է՝ թող մի բան էլ ավելի ասի, թող մի բան էլ պակաս ասի»:

Ծաղկահովիտցիներին հուզող հիմնական հարցերը, ինչպես պարզվեց հանդիպման ժամանակ, ոռոգման համակարգի բացակայությունն է եւ դաշտային մկները: Ոռոգման համակարգը զրոյից վերականգնելու կարիք ունի: Իսկ մկները այնցալ տարի այստեղ ոչնչացրել էին հացահատիկի ողջ բերքը:

Հանդիպման ավարտին, երբ նախարարներն արդեն դուրս էին եկել դպրոցի շենքից, ծաղկահովիտցիները, այդուհանդերձ, հնչեցրին իրենց հուզող հարցերը՝ հիմնականում սոցիալական ուղղվածության: Այդ ոչ դյուրին զրույցի հիմնական հարվածը իրենց վրա վերցրին քաղաքաշինության նախարար Արա Արամյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը:


Գեւորգ Ստամբոլցյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG