Մատչելիության հղումներ

Հատուկ հանձնաժողովը կապահովի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կատարումը


Կառավարության այսօրվա նիստում «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կատարումն ապահովելու նպատակով ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Անցած տարեվերջին Ազգային ժողովի կողմից ընդունված եւ մարտի 1-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն, 27 տարին լրացած անձինք, վճարելով որոշակի գումար խուսափած յուրաքանչյուր զորակոչի դիմաց, ազատվում են քրեական հետապնդումից:

Հանձնաժողովում ընդգրկված են պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, ինչպես նաեւ մի շարք այլ նախարարությունների ներկայացուցիչներ:

Կառավարության նույն որոշմամբ սահմանվեցին նաեւ զինծառայություն չանցած եւ 27 տարին լրացած անձանց կողմից դիմումների ներկայացման, քննարկման եւ դրանց պատասխանների տրման կարգն ու ժամանակացույցը, ինչպես նաեւ այդ անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը։

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբակյանի փոխանցմամբ, ընդունված կարգը կտարածվի մոտավորապես 5000 քաղաքացու նկատմամբ։ Ըստ այդմ՝ զինծառայություն չանցած եւ 27 տարին լրացած անձիք պարտավոր են մինչեւ քրեական հետապնդում սկսած դատարանի ներման վճիռը ստանալը, որոշակի գումար մուծել հատուկ այդ նպատակով բացված հաշվին։

Չծառայելու դիմաց չի վճարի միայն զինծառայություն չանցած եւ 27 տարին լրացած ընտանիքի միակ արու զավակ այն զինապարտը, ում հայրը կամ հարազատ եղբայրը զոհվել է հայրենիքի պաշտպանության կամ զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս։ Չեն վճարի նաեւ պարտադիր զինծառայություն չանցած եւ հետագայում երեք եւ ավելի երեխա կամ առանց մոր մեծացող երկու 2 երեխա ունեցողները՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից։

Ծառայությունից խուսափած զինապարտների մյուս խմբերը բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի հաշվով պարտավոր են 30 հազարից մինչեւ 200 հազար դրամ փրկավճար մուծել պետությանը։

Ըստ պաշտպանության նախարարության գնահատումների, այսօր արտասահմանում են գտնվում նաեւ 14-15 հազար նախազորակոչային տարիքի տղաներ, որոնք, հանրապետությունից ավելի վաղ հեռանալով, զինկոմիսարիատներում հաշվառման չեն կանգնել։ Առաջիկայում, Արթուր Ազաբեկյանի խոսքերով, այս կոնտինգենտի համար պետք է ինչ-որ որոշումներ ընդունվեն։

«Զինապարտության մասին» օրենքի նախագծի դեմ վերջերս կայացած ուսանողական ելույթների առնչությամբ պաշտպանության փոխնախարարն ասաց, թե պաշտպանության նախարարությունը «ցավ ապրեց», որ այդ օրերին նվազեց քաղաքական գործիչների դերակատարությունը: Աղաբեկյանը խոստացավ օրենքի նախագիծը լայն քննարկման առարկա դարձնել, որից հետո միայն դնել շրջանառության մեջ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG