Մատչելիության հղումներ

Զինվորականները հերքում են, թե զորակոչվում են պահեստի զինապարտները


Հայաստանի գլխավոր զինվորական կոմիսարը եւ պաշտպանության նախարարի խոսնակը երեքշաբթի օրը հերքել են մամուլում շրջանառվող լուրերը, թե զորամասերում զորանոցային դրություն է հայտարարված եւ զինապարտներին (պարտադիր զինվորական ծառայություն անցածներին) կրկին զորակոչում են:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի գլխավոր զինկոմ Արթուր Հարությունյանը ասաց, թե իրականում զինապարտներին կանչում են «սովորական, պլանային դասընթացների», որոնք անցկացվում են ամեն տարի:

«Ոչ մի կանչ, ոչ մի հավաք չկա», - հավաստիացրեց Հարությունյանը՝ հերքելով խոսակցությունները, թե զինապարտներին կանչում են զինկոմիսարիատներ՝ զորամասեր ուղարկելու նպատակով: Զինկոմը բացատրեց, որ զինկոմիսարիատներ կանչելու նպատակը միայն զինապարտների առկայությունը ստուգելն է եւ նրանց կցագրումը:

Տարածված լուրերին արձագանքել է նաեւ պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը՝ հերքելով, մասնավորապես «Իրավունք» թերթի այսօրվա հրապարակումը:

«Լուրն առ այն, որ, ըստ բարձրաստիճան զինվորականությանը մոտ կանգնած աղբյուրի, զորամասերում հայտարարված է զորանոցային դրություն` չի համապատասխանում իրականությանը: Իրականում կատարվում են պլանային կցագրման աշխատանքներ», - ասված է Շահսուվարյանի՝ այսօր տարածված հայտարարությունում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սեյրան Շահսուվարյանը հերքելով նաեւ լուրերը, թե եռամսյա հավաքներ են անցկացվելու, բացատրեց, որ կցագրումը ենթադրում է զորացրված քաղաքացում այս կան այն զորամասին կցելը:

Նրա փոխանցմամբ, բանակում գործում է կարգ, երբ զորացրված քաղաքացիները զորամասերում մի քանի օր տեւողությամբ ուսումնական դասընթացներ են անցնում: Սակայն, ներկա պահին, նրա հավաստմամբ, նման դաընթացներ չեն իրականացվում:


Ռուզաննա Ստեփանյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG