Մատչելիության հղումներ

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի, Հայաստանում շարունակում են խախտվել մարդու իրավունքները


Միացյալ Նահանգները հերթական անգամ բացասական գնահատական է տվել մարդու իրավունքների պաշտպանությանը Հայաստանում՝ առանձնացնելով, որ անցած տարվա ընթացքում իշխանությունները ձախողել են անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, սանձել ոստիկանական բռնությունները, նպաստել մամուլի ազատությանը:

«Հայաստանի իշխանությունները խղճուկ առաջընթաց են գրանցել մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում. թեեւ որոշ բնագավառներում կա բարելավում, լուրջ հիմնախնդիրները մնացել են», - ասված է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցում:

Զեկույցում բավական մեծ տեղ է հատկացված 2003 թվականին Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ըստ բազմաթիվ այլ գնահատականների, անցել են ընտրախախտումներով:

«Միջազգային դիտորդները միջազգային չափանիշներից շատ ցածր են գնահատել ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական ընտրությունները, որոնց ընթացքում տեղ են գտել լուրջ օրինախախտումներ, իսկ նախագահական ընտրությունների երկու փուլերի միջեւ ընդդիմության կողմնակիցները կալանվել էին՝ խորհրդային ժամանակաշրջանի Վարչական օրենսգրքի հիման վրա», - ասված է զեկույցում:

Ըստ զեկույցի, ընտրախախտումները հակադրվում են երկրի Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիների՝ «իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխելու» իրավունքին:

Վաշինգտոնը քննադատաբար էր անդրադարձել անցած տարվա փետրվարին եւ մարտին երկու փուլով Հայաստանում անցած նախագահական ընտրություններին: Ընտրություններից հետո պետական դեպարտամենտը հայտարարել էր, թե Հայաստանը «բաց թողեց ժողովրդավարեցումը առաջ մղելու կարեւոր հնարավորություն»:

Երեկ հրապարակված զեկույցում հիշատակվել են նախագահական ընտրարշավի ժամանակ ընդդիմության հարյուրավոր կողմնակիցների ձերբակալությունները: «Ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար կալանվածների մեծամասնությունը փակ դատավարություններում, առանց փաստաբանի մասնակցության դատապարտել են մինչեւ 15-օրյա կալանքի»:

Մարդու իրավունքները, ըստ զեկույցի, Հայաստանում խախտվում են նաեւ նախադատավարական շրջանում. իրավապահ մարմինների աշխատակիցները ծեծի են ենթարկում նախնական կալանքի տակ գտնվող անձանց: Անպատժելիությունը դեռեւս լուրջ խնդիր է Հայաստանում, կամայական ձերբակալությունների եւ կալանքի մասին վկայությունները շարունակվում են:

«Թեեւ Սահմանադրությունը երաշխավորում է արդարադատությունը, այդուհանդերձ, այն չի ապահովվում դատարանների լիակատար անկախությունը քաղաքական ճնշումներից», - ընդգծված է զեկույցում:

Անդրադառնալով մամուլի ազատությանը, զեկույցը արձանագրում է, որ կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգում է խոսքի ազատությունը, սակայն այստեղ էլ կան սահմանափակումներ:

Առանձնացված է «Ա1+» հեռուստաընկերությունը. նշվում է, որ Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովը 7 անգամ մերժել է այդ հեռուստաընկերության դիմումը հաճախությունների համար մրցույթում: Իսկ ընտրությունների ընթացքում Հանրային հեռուստատեսությունը, ինչպես նաեւ մասնավոր հեռուստաընկերությունները «խիստ կողմնակալ» հաղորդումներ են հեռարձակել գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին:

«Հանրային հեռուստատեսությունը քաղաքական ցուցումներ է ստացել կառավարությունից», - նշված է զեկույցում:

Զեկույցը դրական է գնահատում, որ 2003 թվականին Հայաստանում տեղի չեն ունեցել քաղաքական սպանություններ, չեն եղել քաղաքական դրդապատճառներով մարդկանց անհետացումներ, մի շարք միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան խմբեր գործել են առանց սահմանափակումների:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG