Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պահանջում է ստուգել Գեղամյանի «մեղադրանքների հիմնավորվածությունը»


Հինգշաբթի օրը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը գլխավոր դատախազությանը առաջարկել է օրենքով նախատեսված քայլեր ձեռնակել՝ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի մեղադրանքների կապակցությամբ, թե «պաշտպանության նախարարությունը գաղտնալսում է իրենց հեռախոսային խոսակցությունները»:

«Ազգային միաբանություն» կուսակցությունը բազմիցս կասկածներ է արտահայտել, որ իրենց հեռախոսները գաղտնալսվում են: Արտաշես Գեղամյանը այսօր որոշակիացրել է դրանք՝ մամուլում հայտարարելով, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու ընթացքում ինքը բազմիցս զանգահարել է կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանին, ում բջջային հեռախոսի վրա Ֆիքսվել են տեղական համարներ, որոնք, ինչպես պարզել է Կարապետյանը, պատկանում են պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Հայաստանի մարզատեխնիկական ընկերությանը:

Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, պաշտպանության նախարարը այսօր, օգտվելով կառավարության նիստում հայտարարություններ անելու հնարավորությունից, «առաջարկել է ՀՀ գլխավոր դատախազությանը, կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա մի հրապարակման՝ պաշտպանության նախարարի կողմից ապօրինի գաղտնալսումներ անցկացնելու մասին Արտաշես Գեղամյանի տարածած մեղադրանքների հիմնավորվածությունը պարզելու համար օրենքով սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել»:

Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, թերթում հրապարակված հայտարարությունների հիման վրա, արդեն նյութեր են նախապատրաստվում՝ գործի հետագա ընթացքը լուծելու համար:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG