Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քանի որ մեր երկրում հնարավոր է ամեն ինչ, ոչ ոք չի կարող բացառել, որ ընդդիմության ներկայացուցիչներն իրավացի են, երբ մեղադրում են իշխանություններին քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ», - նշում է այսօր «Առավոտ» թերթը: - «Հայաստանում ընդդիմությունը՝ գոնե առայժմ, բոլոր հիմքերն ունի իշխանությունների դեմ հրապարակային ելույթներ ունեցողներին համարել քաղաքական հետապնդումների զոհեր, քաղբանտարկյալներ եւ այլն: Բայց, մյուս կողմից, որպես կանոն՝ լրիվ անմեղ մարդուն, եթե նա անգամ երիցս ընդդիմադիր է, ձերբակալելը դժվար է. հիմնականում «բռնում» են նրանց, ովքեր քրեական հոդվածի տակ ընկնող «աքիլլեսյան գարշապար» ունեն», - ընդգծում է «Առավոտ»-ը: - «Այնպես որ՝ եթե դու հավակնում ես քաղաքական ընդդիմության դերին եւ դեռ ամեն օր էլ պնդում ես իշխանափոխության անհրաժեշտության մասին՝ իշխանավորներին համարելով հանցավոր, չպետք է «աքիլլեսյան գարշապար» ունենաս, որից ցանկացած պահի կարող են բռնել իշխանությունները»:

Արդյո՞ք ընդդիմությունը լիովին ըմբռնել է 2003-ին թույլ տված իր սխալները եւ կկարողանա՞ եւս մեկ անգամ ստանալ ժողովրդի վստահության քվեն: Այս հարցերի շուրջ է «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը զրուցել «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ վերջինս մասնավորապես ասում է. - «Խոսակցությունները, որ ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում: Մարդիկ պարզապես պահանջում են կտրուկ գործողություններ, պահանջում են իշխանափոխություն հենց հիմա, հենց այս պահին: Սակայն մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի իշխանափոխությունն իրականանա հնարավորինս քաղաքակիրթ եւ անցնցում ճանապարհով... Եթե իշխանությունները ղեկավարվում են «իշխանություն` ամեն գնով» սկզբունքով, մեզ համար ամեն գնով իշխանության հասնելն ընդունելի չէ: Եւ եթե ոմանց դա դուր չի գալիս, ոմանք էլ դա դարձրել են շահարկման առարկա, չի նշանակում, որ ես փոխելու եմ իմ սկզբունքները», - անդրդվելի է մնում Ստեփան Դեմիրճյանը՝ օրերս «Հանրապետություն» կուսակցության որոշ ակտիվիստների ձերբակալության առնչությամբ էլ հավաստիացնելով. - «Որեւէ խուճապ ընդդիմության շարքերում չկա: Հակառակը՝ այս ամենը միանշանակ վկայում է, որ խուճապն իշխանության շարքերում է»:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ թղթակցի հետ զրույցում հերթական մեղադրանքն է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Գեղամյանը վերջինիս մեղադրում է ապօրինի գաղտնալսումներ նախաձեռնելու մեջ: Վկայակոչվում է, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու ընթացքում Գեղամյանն իր բջջային հեռախոսով պարբերաբար զանգահարել է Ալեքսան Կարապետյանին: Վերջինիս բջջային հեռախոսը, պարոն Գեղամյանի հեռախոսահամարը ֆիքսելու փոխարեն, ֆիքսել է բոլորովին այլ հեռախոսահամարներ: Ալեքսան Կարապետյանը պարզել է, որ այդ հեռախոսահամարները գրանցված են պաշտպանության նախարարության ենթակայության տակ գնտվող Հայաստանի մարզատեխնիկական ընկերության վրա:

Անդրադառնալով ընդդիմադիրների արձագանքին զենք-զինամթերքի պահման մեղադրանքով վերջին կալանումներին՝ «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը պատկերավորում է. - «Տեւականորեն համապատասխան մթնոլորտ ստեղծող, այսինքն՝ ուրիշներին վախեցնելով զբաղված մարդիկ վերջիվերջո զրկվում են մտքի հստակությունից ու սկսում վախենալ սեփական ստվերից։ Ցանկացած գործում բացարձակ անկարողության հետ սարսափազդու հայտարարությունների ու խոժոռած հոնքերի զուգորդումը հանգեցնում է զավեշտի»։

«Ընդդիմությունը իշխանություններից ոչնչով չի տարբերվում հասարակ մարդկանց հոգսերի ու խնդիրների նկատմամբ ունեցած վերաբերմունքով», - գնահատում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը: - «Երկրում, որտեղ բնակչության 51 տոկոսը համարվում է աղքատ, ընդդիմության հեղինակությունն ու ազդեցությունն անհամեմատ բարձր պետք է լինեին, քան ներկայումս է։ Անգամ տրամվայի գործունեության դադարեցումը չհուզեց խորհրդարանական ընդդիմությանը», - տարակուսում է մեկնաբանը: Մի խոսքով, բանաձեւվում է, որ եթե ընդդիմությունն այսօրինակ խնդիրների որեւէ կերպ չի արձագանքում հիմա, իշխանության հասնելուց հետո նման հարցերը նրան ընդհանրապես չեն մտահոգի։

Անդրադառնալով բուդապեշտյան սպանությանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը այսօր ընդգծում է. - «Եթե ոճրագործությունից անմիջապես հետո դեռ հնարավոր էր ենթադրել, թե մարդասպանը ինքնագործունեություն է ծավալել, ապա Բաքվի ցուցաբերած վարքը տեսնելով, կարելի է համոզվել, որ նա հատուկ էր ընտրվել եւ Բուդապեշտ գործուղվել ղարաբաղյան շարժման տարելիցի օրվան ահաբեկչական «շուք» հաղորդելու նպատակով»: «Գրանդ Հոլդինգ» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը, հրապարակախոսելով «Հայոց աշխարհ» եւ «Ազգ» թերթերում, ուրվագծում է. - «Բուդապեշտի նատօյական սպայական հանրակացարանի արյունոտ կացինը դարձավ այն բանի խորհրդանիշը, ինչի մասին մինչ օրս ամոթխածորեն լռում էին նեղմիտ չինովնիկները եվրոպական բազմաթիվ հանձնաժողովների անկյուններում։ Պարզ, տարրական տրամաբանության խորհրդանիշը, որն անհնար է դարձնում երկու հարեւան ժողովուրդների խաղաղ համակեցությունը, երբ նրանց միջեւ առկա են արյուն, զոհեր, չլուծված պատմական ու տարածքային խնդիրներ։ Մեր առջեւ ծառացած է գերխնդիր՝ աշխարհին բացատրել, որ Ղարաբաղը բռնությամբ Ադրբեջանի կազմում ընդգրկելը հավասարազոր է բուդապեշտյան կացինը հանդիսավորապես մեկ կողմի ձեռքը տալուն։ Ձեռք, որն արդեն իսկ արյունոտ է»: «Ինչպե՞ս բացատրենք եվրահանձնաժողովների քեռիներին, որ նրանք չփորձեն խաղաղ ու աշխատասեր հայերին բռնությամբ վերածել մարդասպանների ու ելուզակների։ Չէ՞ որ մենք կարող ենք դառնալ այդպիսիք, եւ դա ահավոր կլինի», - գրում է Հրանտ Վարդանյանը: Վերջինիս համոզմամբ, «բուդապեշտյան կացինն էլ» մանկական խաղալիք կթվա, եթե բացվի հայ-թուրքական սահմանը. - «Տնտեսապես չամրապնդված Հայաստանը պարզապես կջնջվի թուրքական կողմի ապրանքաարդյունաբերական ծավալման հետեւանքով»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG