Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության անդամները ազատ են արձակվել


Անցած գիշեր ազատ են արձակվել ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության երեք անդամները, որոնք նախորդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանություն: Դրանից հետո էլ, սակայն, կուսակցության առաջնորդ Ալբերտ Բազեյանի փոխանցմամբ, նրանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել:

«Հանրապետություն» կուսակցությունը, Բազեյանի խոսքերով, որեւէ առնչություն չունի ոստիկանության՝ երեկ տարածած հայտարարությանը, որ զենք եւ զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները հաջողությամբ են ավարտվել, առգրավվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զինամթերք ու կան ձերբակալվածներ:

Իսկ հաղորդագրության մեջ հիշատակված Ռոմիկ Մխիթարյանը, որն այս պահին փնտրվում է՝ բերման ենթարկելու նպատակով, «Հանրապետություն» կուսակցության ակտիվ ղեկավար անդամներից է, սակայն «կապ չունի հայտնաբերված զենքի հետ»:

Ալբերտ Բազեյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ավելացրեց, որ գիշերն ազատ արձակվածներից Արմեն Ռուբենյանի տանը, նկուղում եւ ավտոտնակում կրկին խուզարկություն է անցկացվել անցած գիշեր: Երկրորդ խուզարկություն է կատարվել նաեւ Ռոմիկ Մխիթարյանի ավտոտնակում ու դրան հարակից կցակառույցում:

Նոր խուզարկությունները, ի տարբերություն առաջին անգամվա, կատարվել են օրինական փաստաթղթեր ներկայացնելով:

Կուսակցության առաջնորդի խոսքերով, «Հանրապետություն»-ը մտադրություն չունի հերքելու ոստիկանության տարածած հաղորդագրությունը: Կուսակցությունը հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ:

«Քաղաքականապես եւ բարոյապես սպառված ժողովրդի կողմից լիովին մերժված քոչարյանական վարչախումբը հասունացող ժողովրդական հզոր ընդվզումը կանխելու նպատակով քաղաքական ճնշումների եւ բռնություների նոր շրջափուլ է սկսել», - ասված է հայտարարության մեջ: - «Թիրախ են դարձել ընդդիմության, հատկապես «Հանրապետություն» կուսակցության տեղական կառույցների ղեկավարները եւ աչքի ընկնող անդամները, որոնց դեմ գործի է դրված վարչախմբի մամլիչ մեքենայի ողջ զինանոցը»:

Ըստ հայտարարության, վերջին օրերին ոստիկանական հետապնդման են ենթարկվել կուսակցության ավելի քան 2 տասնյակ ակտիվ անդամներ. ոմանց հորդորել, ոմանց ուղղակի սպառնացել են՝ նպատակ ունենալով նրանց դուրս մղել քաղաքական պայքարից:

Հայտարարությունն ավարտվում է ուրբաթ օր Շենգավիթի համայնքում կազմակերպվելիք հանրահավաքի հրավերով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG