Մատչելիության հղումներ

Քննարկվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները


Երեւանում այսօր սկսված եռօրյա քննարկումներում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Հայաստանի քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կքննարկեն Ընտրական օրենսգրքի շուրջ առաջարկվող փոփոխությունները:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի խոսքերով, Ընտրական օրենսգրքի բարեփոխումը «միայն մի կողմն է, եւ Հայաստանում իրական ընտրական բարեփոխման համար քաղաքական կամք է անհրաժեշտ»:

«Մենք զգում ենք, որ այդ կամքն այսօր կա», - ասաց դեսպանը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը ավելացրեց. - «Իհարկե, նաիվ կլիներ մտածել, որ Հայաստանում ընտրությունները կարելի է դարձնել ազատ, թափանցիկ եւ արդար միայն օրենսդրական փոփոխություների ճանապարհով: Սա, ցավոք սրտի, մեր նման անցումային շրջանում գտնվող երկրների համար գրեթե անհնարին է»:

Նրա խոսքերով, աղքատության դեմ պայքարը, հակակոռուպցիոն պայքարը նաեւ ընտրակաշառքների դեմ պայքար է:

ԵԱՀԿ ու Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագետները Հայաստանի ընտրական համակարգում բարեփոխումների մի քանի տասնյակ միացյալ առաջարկների մեջ նաեւ հետեւյալ եզրակացությունը. - «Իշխանությունները քայլեր չեն ձեռնարկել Ընտրական օրենսգրքի ակնհայտ խախտումների դեմ: Խախտողները պետք է գործուն պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի ցրվի ընտրական հանցագործությունների հանդեպ անպատժելիության մթնոլորտը»:

Միջազգային փորձագետների սկզբունքային առաջարկներից են նաեւ ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգում փոփոխությունների անհրաժեշտությունը, որ վարչակազմը մեկից ավելի ներկայացուցիչ չունենա (ներկայումս միայն երկրի նախագահը հանձնաժողովներում երեք անդամ է նշանակում): Առաջարկվում է, որ ընտրական խախտումների համար պատիժները հստակեցվեն, իսկ եթե դա թույլ են տվել հանձնաժողովների անդամները՝ հետագայում առնվազն իրավունք չունենան նման դիրք զբաղեցնելու: Որպեսզի նույն ընտրողը մի քանի անգամ չքվեարկի, առաջարկվում է արդեն քվեարկածների մատի վրա չջնջվող թանաքով դրոշմ թողնել: Առաջարկվում է նաեւ հանել բոլորին դեմ քվեարկելու մեխանիզմը եւ այլն:

Խորհրդարանի ղեկավարությունը խոստացել է Ընտրական օրենսգրքում բարեփոխումներն իրականցնել մինչեւ տարեվերջ:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG