Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ամիսներ ու տարիներ շարունակ Ադրբեջանում տարված հակահայ արշավի արդյունքը եղավ հայ սպայի քստմնելի սպանությունը», - միանշանակ արձանագրվում է այսօր հայաստանյան մամուլում: «Առավոտ» թերթը շեշտադրել է. - «Մեր կառավարությունն ամենեւին չպետք է հաշտվի արդեն նկատվող, այսպես ասած «պոլիտկոռեկտության» հետ, որին կուլ գնալով՝ ՆԱՏՕ-ն եւ միջազգային մյուս պատկան ատյանները կփորձեն տեղի ունեցածը բացատրել որպես «սովորական սպանություն»: Սա քաղաքական սպանություն է՝ հրահրված հայերի հանդեպ ատելության քաղաքականություն վարող եւ ադրբեջանցիների հոգիները թշնամությամբ լցնող այդ երկրի իշխանությունների կողմից: Եւ սա այն նույն «պոլիտկոռեկտության» հետեւանքն է, որը թույլ չտվեց ՆԱՏՕ-ին դատապարտել Բաքվում իր իսկ կազմակերպած կոնֆերանսին հայ սպաների մասնակցությունն արգելող ադրբեջանական իշխանությունների վարքագիծը: Հայաստանը պիտի անի ամեն ինչ, որպեսզի ուրգեն Մարգարյանի սպանությունը քաղաքական ճանաչվի եւ այդ որակավորմամբ էլ դատապարտվի միջազգային հանրության կողմից»:

«Իշխանությունների «վախը բռնելու» ժամանակները» վերնագրի տակ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին՝ «Իրավունք» թերթի մեկնաբանը գրում է. - «Տպավորություն է ստեղծվում, որ երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը անհանգստանում են մի վտանգից, որի օբյեկտիվ գոյության նշանները դեռեւս չեն երեւում ո'չ ընդդիմության եւ ո'չ էլ որեւէ գերտերության գործողությունների տրամաբանությունից... Գուցե իշխանություններն ունեն ինչ-ինչ օպերատիվ տեղեկատվություն, որն առայժմ հասու չէ ո'չ լայն հանրությանը, ո'չ էլ ընդդիմադիր դաշտի մեծամասնությանը»: Ամեն դեպքում, մեկնաբանի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի հիմնական անհանգստությունը ոչ թե ընդդիմադիր, այլ հենց իշխանամետ դաշտում կատարվող իրադարձություններն են. - «Նախ եւ առաջ, խոսքը Հրանտ Մարգարյանի հայտնի կտրուկ ելույթի մասին է»: «Միաժամանակ», - մատնանշում է մեկնաբանը, - «օբյեկտիվ իրականություն է, որ ոչ միայն ընդդիմությունն է մարզերում հանդիպում բնակչության հետ, այլեւ այդ գործով պատրաստվում են զբաղվել կոալիցիայի բոլոր կուսակցությունները: Իսկ դա արդեն նշանակում է, որ երկրում ընթանում է ամենաիսկական ընտրարշավ»:

«Արդարության հանդեպ հավատն ու հույսը այն վերջին հենակետերն են, որոնք չի կարելի անտեսել ու ստորացնել: Առավել եւս դա անթույլատրելի է սեփական իշխանության կողմից», - ընդգծում է այսօր Դաշնակցության «Երկիր» պաշտոնաթերթը: - «Ժողովրդի ինքնազսպումը, զրկանքները դիմակայելու կամքը իմաստավորվում են միայն այն պարագայում, երբ պետությունն ու իշխանությունները ժողովրդի այդօրինակ վերաբերմունքը վերածել քաղաքական կռվանի, բարձրացնել պետություն - ժողովուրդ ամբողջականության ընդհանուր ներուժը՝ այն վերածելով ընդհանուր բարօրությանն ուղղված կամքի»: Մինչ Դաշնակցությունը ակնկալում է, որ արդարություն պիտի իշխի բոլոր ոլորտներում, «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը հեգնում է ընդդիմադիրներին, որ չարդարացան Հրանտ Մարգարյանի ելույթից հետո ներիշխանական սրացումների նրանց հույսերը, իսկ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն էլ «Իրավունք»-ի հարցազրույցում մասնավորապես ասում է. - «Հրանտ Մարգարյանի ելույթում հնչած ոչ մի տեսակետ չի կարող ուղղվել «Օրինաց երկրին», որովհետեւ, ի տարբերություն Դաշնակցության, «Օրինաց երկիր» կուսակցությունը իշխանական լծակների չի ունեցել եւ, բնականաբար, չեղած լծակները չէր կարող գործադրել ընտրություններում հաջողությունների հասնելու համար: Քանի որ Դաշնակցության նման ժողովները չորս տարին մեկ անգամ են լինում, ինչ-որ իմաստով ես ըմբռնումով եմ ընդունում Հրանտ Մարգարյանի ելույթը: Դրսից հարյուրավոր մարդիկ էին մասնակցում ժողովին, եւ պետք էր այդ որակի ելույթ ունենալ», - ակնարկում է Արթուր Բաղդասարյանը:

«Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանի հայացքով, Ռոբերտ Քոչարյանի փետրվարի հեռուստահարցազրույցի բուն առանցքը իշխանություն - ընդդիմություն հարաբերություններում ստեղծված իրավիճակի վերլուծությունն ու գնահատականն էր. - «Խփվեցին մոտալուտ իշխանափոխության օգտին ընդդիմության կողմից բերվող փաստարկները»: «Նախագահի հանգամանալից վերլուծությունից հստակ է դառնում, որ փետրվարի 2-ին սկսված խաղը սահմանադրական ճանապարհով որեւէ լուծում չունի, իսկ հակասահմանադրական հունի մեջ տեղափոխվելու պարագայում դառնալու է բումերանգ՝ նույն ընդդիմության համար: Հետեւաբար», - եզրափակվում է «Հայոց աշխարհ»-ում, - «Ոչ միայն ժողովրդի, այլեւ հենց իր իսկ շահերից ելնելով, ընդդիմությունը պարտավոր է վերագնահատել սեփական մարտավարությունը եւ վերադառնալ նախքան փետրվարի 2-ը ստեղծված կացությանը»:

«Ռոբերտ Քոչարյանն իր հեռուստաելույթում հայտարարեց՝ քանի դեռ ընդդիմության գործողությունները ձեւավորվում են երկրի Սահմանադրության շրջանակներում, իշխանությունները որեւէ միջամտություն չեն ունենա այդ գործողություններին։ Սակայն», - մատնանշված է «Առավոտ» թերթում, - «հաջորդ օրն իսկ իշխանությունը խախտեց իր խոսքը՝ բավականին ակտիվ միջամտություն ունենալով երեկ Բյուրեղավանում վաղօրոք հայտարարված «Արդարություն» դաշինք - ժողովուրդ հանդիպմանը»:

«Ընդդիմությունը, մերժելով համագործակցությունը ՀՀՇ-ի հետ, պատճառաբանել է, որ ՀՀՇ-ն բացասական վարկանիշ ունի, եւ այդ համագործակցությունը կվարկաբեկի նաեւ իրենց», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցի այս հարցադրմանը ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը այսօր արձագանքել է. - «Ժողովրդական լեզվով ասած՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում: Եկեք չմոռանանք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում 1998 թվականին: Իսկ 1998-ին տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, որին մասնակից է եղել այսօրվա ընդդիմադիր ուժերի մի զգալի հատվածը: Հիմա հասկացել են, որ սխալվել են եւ փորձում են ուղղել այդ սխալը: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին սիրել-չսիրելուն, ապա գլխացավով հիվանդ մարդը չի մտածում «Անալգին» սիրել-չսիրելու մասին, գլխացավը բուժելու համար ուղղակի խմում է այն, երբ հասկանում է, որ այդ ցավն անցկացնելու մյուս միջոցները էֆեկտիվ չեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG