Մատչելիության հղումներ

Հայ խաղաղապահները Կոսովոյում անցել են ծառայության


33 հայ զինվորականներ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության շրջանակներում սկսել են ծառայությունը Կոսովոյի բազմազգ «Արեւելք» բրիգադում: Բրիգադը, որ ղեկավարում է Միացյալ Նահանգները, տեղակայված է Կոսովոյի եւ Մակեդոնիայի սահմանամերձ շրջանում՝ Ֆերիզաչ քաղաքի մոտ:

Նման առաքելության առաջին անգամ մասնակցող հայ զինվորները խաղաղապահ զորամասում ծառայելու են ամերիկացիների, ուկրաինացիների, լեհերի եւ հույների հետ: Բրիգադի հրամանատարը ամերիկացի գերենալ Ջերրի Բեքն է:

Հայերի անմիջական ղեկավարությունը իրականացնում են հույները, քանի որ հայկական դասակը ընդգրկված է հունական խաղաղապահ գումարտակի կազմում՝ անցած սեպտեմբերին Հայաստանը եւ Հունաստանի միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրին համապատասխան:

«Արեւելք» բրիգադի խոսնակ, մայոր Քրիս Քոլը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ հինգշաբթի օրը Կոսովո ժամանած հայկական դասակի խաղաղախահների հետ շաբաթ օրը հատուկ հանդիպում է ունեցել բրիգադի հրամանատար գերենալ Բեքը:

«Հայ զինվորները շատ պրոֆեսիոնալ եւ կարգապահ են», - իր տպավորությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց մայոր Քոլը: - «Նրանք շատ ուրախ են, որ եկել են Կոսովո»:

«Բազմազգ զորամասի հրամանատարության եւ անձամբ գեներալ Բեքի անունից մենք ողջունում ենք հայ խաղաղապահներին մեր բազմազգ ուժերի կազմում Կոսովոյում ծառայելու համար», - ասաց մայոր Քրիս Քոլը:

Կոսովո մեկնած դասակի մարտական պատրաստության աստիճանը ստուգվել ու գնահատվել է ինչպես Հայաստանի պաշտպանության նախարարության, այնպես էլ Հունաստանի զինվորական մասնագետների կողմից: Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ դասակը Կոսովոյում առաքելություն կիրականացնի 6 ամիս, ինչից հետո կփոխարինվի հայկական բանակի մեկ այլ դասակով:


Հրայր Թամրազյան, Պրահա

(Լուսանկարում՝ գեներալ Ջերրի Բեքը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG