Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը շարունակում է հանդիպումները մարզերում


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը շարունակում է փետրվարի սկզբից նախաձեռնած հանդիպումները Հայաստանի մարզերի բնակիչների հետ: Երկուշաբթի օրը Գեղամյանն ու իր համախոհները եղան Արարատի մարզում:

Գեղամյանի խոսքերով, ժողովրդին ոտքի հանելու կոչով իրենք հանդես կգան ապրիլի վերջին - մայիսին, երբ կավարտեն հանդիպումները բոլոր մարզերում:

Արեւաբույր գյուղի բնակիչների համար Գեղամյանի ու իր համախոհների այցը իսկական անակնկալ էր, քանի որ նրանք սովոր են քաղաքական գործիչներին տեսնել ընտրությունից ընտրություն:

«Պիտի անպայման իշխանափոխություն լինի, սա ապրելու ձեւ չի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արեւաբույրի բնակիչներից մի կին:

Իսկ մեկ այլ կին՝ տիկին Սոֆիկը դժգոհում էր, որ հեռուստացույցով ցույ են տալիս նախագահ Քոչարյանի ձմեռային հանգիստը: «Ժողովրդին սոված-ծարավ թողած՝ տուրնիկ է թռնում», - վրդովված ասաց նա: - «Թող մեր հոգսերը թեթեւացնեն: Ղեկավարը տուրնիկ է խաղում, իսկ ժողովուրդը էստեղ կոտորվում է»:

Ինչպես Արեւաբույրում, այնպել էլ մյուս գյուղերում, Արտաշես Գեղամյանը իր ելույթում ներկայացնում էր բրիտանական ամենամյա ալմանախի տվյալները՝ ապացուցելու, որ գործող իշխանությունները չեն կարողանում եւ չեն էլ ցանկանում հոգալ ժողովրդի կարիքները:

«220 երկրների վերաբերյալ թվային վերլուծություններ են զետեղված այդտեղ: Հայաստանում զբացեղնում է 217-րդ տեղը», - ասաց Գեղամյանը: - «Եվ այս պատկերի պարագայում փոխանակ ժողովրդի կենսահույզ հարցերը լուծեն, երկրի նախագահը Ծաղկաձորում «Բազե» է խաղացնում, լիժա է քշում»:

Գյուղացիներին, մինչդեռ, ավելի հուզում են գարնանային գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված խնդիրները:
Դրանց, գյուղի տղամարդկանց խոսքերով, իրենք պատրաստ են միայն ֆիզիկապես, իսկ նյութական առումով ոչ մի պահուստ չունեն, որ տան հողին եւ բարիք ակնկալեն:

Քաղաքական տեսակետից այս շրջանը նպաստավոր է հանրահավաքների համար՝ մարդիկ հիմա գործ չունեն:

«Հիմա պարապ են, դուրս են եկել, եթե աշխատանքային սեզոնը բացվեց, էլ գյուղի կենտրոնում պարապ մարդ չեք գտնի, որովհետու ամեն մարդ իր հոգսերով, իր աշխատանքով է զբաղված», - ասաց գյուղացիներից մեկը:


Շաքե Ավոյան, Արարատի մարզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG