Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ սահմանի բացումը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում «նախապայման չէ»


Ըստ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քրիս Փաթենի խոսնակի, Եվրոպական միությունը կողմնակից է հայ-թուրքական սահմանի վերաբացմանը, սակայն դա չի դիտում որպես Թուրքիայի անդամակցության նախապայման:

Փաթենի խոսնակը՝ Դիեգո դե Օյեդան այս շաբաթ «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Եվրամիությունը, չնայած ներկայացվող խիստ պահանջներին, երբեք անդամակցության հավակնող երկրներին չի ստիպում կարգավորել հարաբերությունները երրորդ երկրների հետ: «Այդպիսի նախապայման չկա ոչ Թուրքիայի, ոչ էլ որեւէ այլ երկրի համար», - Բրյուսելից հեռախոսով ասել է նա:

«Մենք անվերապահորեն կողմ ենք տարածաշրջանային համագործակցությանը, եւ դա վերաբերում է ինչպես այդ, այնպես էլ աշխարհի ցանկացած այլ տարածաշրջանի: Բայց մենք երբեք չենք զբաղվում որեւէ երկրի վրա [այդ նպատակով] ճնշում գործադրելով», - ավելացրեց խոսնակը:

Դե Օյեդան անդրադարձավ նաեւ Եվրախորհրդարանի բազմակի կոչերին Անկարային՝ վերացնել ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող Հայաստանի տնտեսական շրջափակումը: Նման կոչերից վերջինը անցած տարի ամրագրում էր, թե Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը բխում է այսպես կոչված կոպենհագենյան չափանիշներից, որոնք մանրամասնում են Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու պայմանները:

Դե Օյեդայի մատուցմամբ, արտաքին քաղաքականության հարցերում վերջին խոսքը պատկանում է Եվրամիության անդամ պետություններին եւ Եվրահանձնաժողովին: «Եվրահանձնաժողովն է պատասխանատու Եվրախորհրդարանի առջեւ», - ասել է նա: - «Ուստի մենք, անկասկած, հաշվի ենք առնում Եվրախորհրդարանի կարծիքը: Այդուհանդերձ, Եվրամիության արտաքին քաղաքականությունը որոշող գլխավոր մարմինը Նախարարների խորհուրդն է»:

Ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Միացյալ Նահանգները տարիներ շարունակ հորդորում են Թուրքիային Հայաստանի հետ կապերի կարգավորման հարցում հրաժարվել նախապայմաններից: Թուրքիայի ներկայիս իշխանությունը անցած տարի հայտարարել էր Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը որոշակիորեն մեղմելու մասին, թեեւ առայժմ գործնական քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG