Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ուժերի բանակցությունները չթուլացրին լարվածությունը


Անցած շաբաթ Ազգային ժողովի օրինաստեղծ աշխատանքը բոյկոտելու մասին ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունների համատեղ հայտարարությունից հետո Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման նպատակով չորեքշաբթի օրը Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավիրած՝ խորհրդարանի խմբակցությունների եւ խմբերի ղեկավարների քաղաքական խորհրդակցությունը չհանգեցրեց սրված հարաբերությունները մեղմելու ուղղությամբ որեւէ առաջընթացի:

Բանակցությունների շոշափելի արդյունքը մեկ շաբաթ անց նորից բանակցելու պայմանավորվածությունը եղավ:

«Հանրաքվեի մասին» օրենքի մասին ընդդիմադիր կողմը իր տեսակետն ասաց, մենք էլ՝ մեր սկզբունքները», - փոխանցեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Որեւէ փոփոխություն չկա»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի տպավորությամբ, կոալիցիոն ուժերը այս հարցի շուրջ բանակցելուն այսօր պատրաստ չէին: Նրա պնդմամբ, այդուհանդերձ, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների հարցն արդեն իսկ ավտոմատ կերպով եռօրյայի օրակարգում է եւ «պետք է քննարկվի ու ընդունվի», քանի որ «Սահմանադրական դատարանը քաղաքական որոշում էր կայացրել»:

Ընդդիմադիրների՝ երեկվա մարզային հանրահավաքներին անդրադառնալով, որոնց մասին տեղեկացրել են նաեւ ԱԺ նախագահին, Վիկտոր Դալլաքյանը ասաց. - «Ժողովուրդը ուղղակի պահանջում է կտրուկ, հեղափոխական գործողություններ եւ իշխանափոխության խնդիր՝ օր առաջ»:

Ազգային Ժողովի եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի տպավորությամբ, կողմերն այսօր առաջարկություններ չունեին. - «Եթե ուղղակի պիտի հանդիպեն եւ պնդեն այն, ինչ իրենք նախապես ասել էին, ակնհայտ է, որ առաջ գնալու տեղ չկա, եւ անգամ հանդիպումներն են դառնում ավելորդ»:

«Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը այսօրվա քաղաքական խորհրդակցությունը բնորոշեց որպես «կոալիցիայի ծուղակ»՝ Ազգային Ժողովի նախագահի այս նախաձեռնության շարժառիթը բացատրելով միջազգային հանրության վրա «կառուցողականի ու հավասարակշռի տպավորություն թողնելու ցանկությամբ»:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Այստեղ, Գալուստ Սահակյանի փոխանցմամբ, իշխանական ու ընդդիմադիր ուժերը միակարծիք են:

«Արձանագրեցին, որ մեր մոտեցումները ընդհանուր առմամբ համընկնում են 2001 թվականի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հայտարարության ոգուն», - ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Արտաշես Գեղամյանը ավելի ուշ Ղարաբաղյան հարցի կապակցությամբ ասաց, թե «Ազգային միաբանություն»-ը չի կարող նույն փաստաթղթի տակ ստորագրել «քաղաքական այն ուժերի հետ, որոնք նախագահի եւ խորհրդարանի ընտրություններում թույլ են տվել կեղծիքներ, եւ որոնք այսօր չեն կարող լեգիտիմ ճանաչվել»:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG