Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» օրաթերթին տված Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը ուշագրավ է նրանով, որ այստեղ կարելի է գտնել բառեր եւ արտահայտություններ, որոնք կիրառվում են բացառապես «քուչի բազառների» եւ «ռազբորկաների» ընթացքում», - անդրադառնում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Ցավալին այն է, որ այդպիսի արտահայտություններ իրեն թույլ է տալիս Հայաստանի պաշտպանության նախարարն ու անվտանգության խորհրդի քարտուղարը, որը, որոշ տեղեկությունների համաձայն, նաեւ նախագահական ամբիցիաներ ունի»: Հիշեցնելով իշխանական վերնախավի ներկայացուցիչների լեզվակռվից մի քանի օրինակ, «Հայկական ժամանակ»-ը ընդհանրացրել է. - «Այս ամենը, սակայն, սոսկ մասնավոր դեպքեր չեն, այլ ներքաղաքական բանավեճի որակի հստակ ցուցանիշներ: Այս մակարդակով կառավարվում է երկիրը»:

«Հայկական ժամանակ»-ն ու «Առավոտ»-ը այսօր փոխանցում են եւ Արտաշես Գեղամյանի թարմ արձագանքը Սերժ Սարգսյանին, որի առավել զսպված հատվածը թերեւս հետեւյալն է. - ««Մի փորձեք ինձ էլ իջեցնել այդ մակարդակին, ես վաղուց դուրս եմ եկել այդ տարիքից: Իսկ եթե շատ մեծ ցանկություն ունեք զբաղվելու տղայական ռազբիրատներով, ապա դա կարող եք անել քաղաքական դաշտում ձեր կողմից ներդրված երիտասարդ կադրերի հետ»: «Հայկական ժամանակ»-ում այսօր ներկայացվում է այս թեմայով եւս մեկ վերլուծական՝ հետեւյալ ընդգծմամբ. - «Կյանքի փորձը ցույց է տալիս, որ թշնամանքի այն աստիճանին, որի վրա կանգնած են այսօր Գեղամյանն ու Սարգսյանը, հասնում են միայն նախկին գործընկերները, որոնք իրար հետ որոշել են գործ սկսել, եւ այդ գործը տապալվել է՝ հուսախաբ անելով կողմերից մեկին, կամ՝ երկուսին միասին: Կոնկրետ այս դեպքում գործ ասելով՝ նկատի պետք է ունենալ 2003 թվականի խորհրդարանական ընտրությունները»: Սերժ Սարգսյանը, ըստ այս վերլուծականի, «պլանավորել էր իրականացնել այն, ինչ արեց Վազգեն Սարգսյանը 1999 թվականի խորհրդարանական ընտրություններում», երբ «պաշտպանության սուպերնախարարը եւ նախագահական նախորդ ընտրություններում դե յուրե երկրորդ, դե ֆակտո առաջին տեղը զբաղեցրած նախագահի թեկնածուն նախընտրական միավորում ստեղծեցին եւ հաղթանակ տարան խորհրդարանական ընտրություններում»: Նախագահական ընտրությունների արդյունքում,սակայն, ինչ-ինչ պատճառներով Գեղամյանը չկարողացավ երկրորդ տեղ գրավել, եւ պաշտպանության նախարարն էլ նահանջեց նախնական պլանից. այստեղ է «Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը տեսնում «դարի հակասության» արմատը:

Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը արդեն իսկ մարզերում սկսել են գումարել հանրահավաքներ: Սյս կապակցույթամբ Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանի մտահոգությունը հետեւյալն է. - «Եթե ինչպես նախորդ անգամ ցույցերն ու հանրահավաքները գնալով մարեն, ի՞նչ է լինելու հետո: Սա ընդդիմությանը մտածելու տեղիք պիտի տա, որովհետեւ անհաջողության դեպքում այս ճանապարհը փակուղային է դառնալու: Շատ ավելի ճիշտ եւ արդյունավետ կլիներ հանդիպել ու համատեղ քննարկել եղած խնդիրները», - ասում է Թորոսյանը: - «Ընդդիմությունն ու իշխանությունը դատապարտված են իրար հետ աշխատելու, հարաբերությունների կոշտացումն ու ծայրահեղ սրացումը կողմերից ոչ մեկին լավ բանի չի հանգեցնի... Սա այն շրջանն է լինելու, երբ մենք ուղղակի պարտադրված ենք համագործակցել: Ով քիչ թե շատ ծանոթ է եվրոպական կառույցների աշխատանքի սկզբունքներին, քաջ գիտի, որ 2003թ. ընտրությունների գնահատականների կրկնությունը ապագայում Հայաստանին կկանգնեցնի եվրոպական համայնքին հրաժեշտ տալու պրոբլեմի առջեւ», - շեշտում է Տիգրան Թորոսյանը:

«Հայոց աշխարհ» թերթի տեսաբանն այսօր բանաձեւել է. - «Գալիք 3-4 տարիների ընթացքում Հայաստանը պետք է կարողանա առնվազն կրկնապատկել, եթե ոչ եռապատկել իր ներկա բյուջեն՝ այն հասցնելով 1 միլիարդի սահմանագծին, որպեսզի ի վիճակի լինի դիմակայել իրեն պարտադրվող դաժան մրցակցությանը»: Ստեղծված իրավիճակում, տեսաբանի ընդգծմամբ, մասնավորապես՝ առաջնային անհրաժեշտություն է «հաղթահարել մեր հասարակության ներսում հաստատված յուրատիպ հոգեբանական թմբիրը, քաղաքական դաշտում տիրող ճահճացած վիճակը, դրանով պայմանավորված փոխադարձ անվստահությունը եւ ձեւակերպել այն համազգային եւ համապետական խնդիրը, որ կարող է միավորել բոլորիս՝ Հայաստանում եւ Սփյուռքում. դա հետեւյալն է՝ տնտեսական մրցակցության մեջ հետ չընկնել Ադրբեջանից»: «Այսօր՝ Ղարաբաղյան բանակցային գործընթացի հետաձգման պահին, մեզ տրվում է փաստորեն վերջին շանսը՝ խոսքից գործի անցնելու եւ տնտեսական մրցակցության ոլորտում պարտության հեռանկարը կանխելու համար», - սահմանվում է «Հայոց աշխարհ»-ում: - «Չօգտագործել այդ շանսը, նշանակում է տանուլ տալ մրցակցությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

Մինչ հայ քաղաքական-տնտեսական միտքը զբաղված է այս տեսլականներով, Երեւանի կենտրոնում փաստացի շարունակվում է ծառերի ոչնչացումը: «Կյանքը շարունակվում է» խորագրի տակ «Հայոց աշխարհ»-ի թղթակիցը արձանագրում է, թե ինչպես երեկ էլի մեկ ծառ զոհվեց օպերայի նախկին այգում՝ Կենտրոն համայնքի «Կանաչապատում» հակասական անունը կրող ձեռնարկության աշխատակիցների եռանդուն ջանքերով: Քաղաքապետարանի ներկայացուցիչն էլ, արդեն փաստի առաջ կանգնած, լրագրողին ընդամենը ասել է, որ ծառերի հատումն անպայման պիտի համաձայնեցվի իրենց հետ, ինչը, սակայն, տվյալ դեպքում չի արվել:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG