Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը երկրորդ պարտությունն է կրում Տնտեսական դատարանում


Տնտեսական դատարանը բավարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ տարեսկզբից ի վեր երկրորդ հայցը ընդդեմ «ԱրմենՏել» ընկերության:

Հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ վայելող «ԱրմենՏել»-ը անջատել էր տելեմատիկ եւ ինտերնետային ծառայություններ մատուցող մոտ 2 տասնյակ ընկերությունների հեռախոսակապը՝ նրանց զրկելով գործունեության հնարավորությունից: Այս ընկերությունները դուրս էին մնացել մրցակցությունից, վնասներ էին կրել: Բնականաբար, տուժել էին նաեւ սպառողները:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավաբանական ծառայության պետ Տիգրան Խեչոյանը, Տնտեսական դատարանը վճռել է, որ «Արմենտել»-ը «ապօրինի, անհիմն եւ կամայականորեն է անջատել այդ ընկերությունների հեռախոսագծերը»:

«ԱրմենՏել»-ի առաջին պարտությունը, Խեչոյանի փոխանցմամբ, վերաբերում էր Easy Card-երի (կանխավճարային բջջային կապի) չբավարարված մեծ պահանջարկի պայմաններում, դրանց փաթեթների տրամադրմանը ST ընկերությանը, ինչը «ԱրմենՏել»-ի կողմից «գերիշխող դիրքի չարաշահում է»:

«Բարի լոտո»-ի կազմակերպիչ ST ընկերության հետ «ԱրմենՏել»-ը կնքել էր 3000 Easy Card-ի տրամադրման պայմանագիր եւ 1500-ն արդեն իրացրել էր: Եվ դա այն դեպքում, երբ շուկայում չափազանց մեծ է դրանց չբավարարված պահանջարկը:

«Դատարանի վճռեց, որ հանձնաժողովի պահանջը իրավաչափ է», - ասաց Խեչոյանը: - «Դատարանի իր վճռով անվավեր ճանաչեց պայմանագրի այն դրույթները, որոնք նախատեսում էին Eady Card-ի տրամադրումը ST ընկերությանը՝ վիճակախաղի շահումային ֆոնդի համար»:

Երկու որոշումներով էլ «ԱրմենՏել»-ը նաեւ տուգանվել է 5 միլիոն դրամով:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք հաշտության եզրեր գտնել, Տիգրան Խեչոյանը ասաց, թե հաշտությունը հնարավոր կլինի միայն, եթե «ԱրմենՏել»-ը կատարի որոշման բոլոր դրույթները: Երբ դատարանի որոշումները մտնեն օրինական ուժի մեջ եւ եթե «ԱրմենՏել»-ը կամովին չկատարի դրանք, այդ դեպքում, Խեչոյանի խոսքերով, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդիմի հարկադիր կատարման ծառայության մարմիններին:

Հանձնաժողովը լիահույս է որ հաղթելու է, քանի որ ունի այդպիսի փորձ, երբ անցած տարի հաջողվեց «ԱրմենՏել»-ին ստիպել, որ հետ գնի Easy Card-երի առաջին խմբաքանակի հետ ստիպողաբար վաճառած հունական արտադրության «Սիմենս» բջջային հեռախոսները: Այդ հայցն էլ բոլոր դատական ատյաններով պտտվեց եւ, ի վերջո, հարկադիր կատարմամբ բավարարվեց:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG