Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վատ ենք աշխատում Եվրոպայում» գնահատական-վերնագրի տակ «Հայոց աշխարհ» թերթը ընդգծում է. - «Իրական վտանգը այդ արդյունքների այնպիսի կրիտիկական զանգվածի կուտակման մեջ է, որոնք կարող են խորհրդարանական դիվանագիտության ոլորտից տեղափոխվել գործնական քաղաքականության մեջ՝ վերածվելով Հայաստանին ուղղված վերջնագրային բնույթի պահանջների: Ակնհայտ է, որ ընդունված բանաձեւերի ու ձեւակերպումների մի մասը մեր պատվիրակության եւ Եվրոպայում գործող հայկական լոբբիստական կառույցների անբավարար աշխատանքների արգասիքն են: Մեր պատվիրակները թերանում են՝ չկարողանալով ժամանակին շրջափակել ադրբեջանական հարցադրումը հայկական հակափաստարկով»: «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին նիստի արդյունքները պետք է լինեն ահազանգ ե՛ւ հայ դիվանագիտության, ե՛ւ Ազգային ժողովի ու նրա պատվիրակության, ե՛ւ Եվրոպայում գործող հայկական լոբբիստական կառույցների համար, որոնք պարտավոր են հավաքվել միասին, ուսումնասիրել ու վերլուծել իրենց բացթողումները, ինչպես նաեւ Եվրամիության քաղաքականության մեջ դրսեւորվող նոր միտումները, մշակել միասնական եվրոպական ռազմավարություն եւ դրանից բխող մարտավարություն», - ամփոփված է «Հայոց աշխարհ»-ում: Այդ թերթի խմբագիրն էլ, ում հայացքով՝ դեռ մեծ հարցական է, թե ով տանուլ տվեց Ստրասբուրգում. մե՞նք, թե՞ Ադրբեջանը, առանձին անդրադարձում կրկին շեշտադրել է, որ պարտության դեպքում տանուլ է տալիս ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը կամ Վարդան Օսկանյանը: Տանուլ ենք տալիս բոլորս՝ մեր երկիրն ու ժողովուրդը, այնպես որ՝ անկախ համակրանք-կողմնորոշումներից, Հայաստանի բոլոր ներկայացուցիչները նախեւառաջ պիտի պաշտպանեն երկրի շահերը:

«Տեղի ունեցածի շուրջ այդպես էլ լուրջ եւ խորքային քննարկում չի ընթանում», - արձագանքում է այսօր «Երկիր» թերթը: -«Որեւէ մեկը հարց չի տալիս, թե ինչ արմատներ ունեն եվրակառույցներում դիրքորոշումների նման փոփոխությունները: Որեւէ մեկը չի էլ ուզում հիշել, որ մեր հարկատուների հաշվին Ստրասբուրգում աշխատում են մի խումբ դիվանագետներ՝ մշտական ներկայությամբ, իսկ նրանք պետք է որ հետեւեին այդ փոփոխություններին ու ահազանգերին: Որեւէ մեկը չի անդրադառնում, թե որքա՞ն կուռ է մեր պատվիրակությունը... Բոլորը զբաղված են: Զբաղված են ներքաղաքական հակամարտության նախապատրաստական աշխատանքով, որ հետո Ստրասբուրգի վեճը տեղափոխեն երեւանյան դահլիճներ ու գոհանան, քանզի իշխանափոխության երազանքը գերակա է ամեն ինչում: Հետոյի մասին մտածելը առայժմ անհավանական է թվում»:

«Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի շեշտադրումն է. - «Հայաստանը հայտնվել է հրապարակային քննարկումների զուգահեռ դաշտում, որի համար չունի մշակված տեսակետ: Անհրաժեշտ են համակարգված գործողություններ, իսկ հայեցակարգի բացակայության պայմաններում դժվար է աշխատել»: «Չե՞ք կարծում, որ Եվրախորհրդում ունեցած անհաջողությունների մեղքը բարդվելու է Դաշնակցության վրա» հարցին Արմեն Ռուստամյանը պատասխանել է. - «Ով ում վրա ուզում է բարդի, այդ խնդիրը պետք է լուծվի: Եթե բարդում են Դաշնակցության վրա, ուրեմն թող թույլ տան Դաշնակցությունը ինքը մշակի հայեցակարգը: Մենք ունենք այդպիսի հայեցակարգ»:

«Առավոտ» թերթն այսօր կրկին փոխանցում է «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի համոզումը, որ Ռոբերտ Քոչարյանի հեռանալը հասարակական պահանջ է՝ հետեւյալ նախանշումներով. - «Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում ընդդիմությունն ակնկալում է քննարկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Այս գործընթացի հետ կապված կարող է իրականացվել որոշակի մշակված այլ սցենար... Եթե նա ուզում է բռնության ճանապարհով հեռանալ, ուրեմն նաեւ դրա պատասխանը կստանա»:

«Միավորումը չի ստացվում ո'չ իշխանամետ, ո'չ ընդդիմադիր ճամբարներում». այսպես են այսօր ներքաղաքական գործընթացները խտացված «Իրավունք» թերթում: Մեկնաբանը մասնավորապես առանձնացրել է. - «Այն, որ ղարաբաղյան կարգավորման արագացումը կարող է իշխանական ճամբարը պայթեցնել ներսից, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Բավականին բարձր է հավանականությունը, որ Եվրոպայի ու Մոսկվայի կարծր պարտադրանքից խուսափելու համար իշխանությունները ստիպված լինեն խաղարկել գործող նախագահի հրաժարականի եւ նախագահական նոր ընտրությունների տարբերակը: Հիմա մեր ամբողջ քաղաքական դաշտի վարքագիծը պարունակում է ընտրարշավային տարրեր, որոնց տեսակարար կշիռը գնալով աճում է»:

Օմբուդսմենի պաշտոնին Լարիս Ալավերդյանի առաջադրումը Ռոբերտ Քոչարյանի կողմից ընդդիմադիրներին բնավ չի զարմացնում եւ, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի փոխանցմամբ, նրանք ամրագրում են, որ «ողջ երկրով ղարաբաղյան կլանը տարածվում է արագաճ մետաստազի պես»: «Չնայած ժողովրդավարության իմիտացիան պահպանելու, նաեւ՝ իրենց քաղաքական արժեքը կարեւորելու համար, կոալիցիան իր առաջիկա նիստում քննարկելու է նախագահի առաջարկած թեկնածուին եւ կարծիք է հայտնելու, սակայն որեւէ մեկն անգամ չի էլ կասկածում, որ այդ «լուրջ» քննարկման արդյունքում խիստ պատահաբար պարզվելու է, որ կոալիցիան ներկայացնող երեք ուժերն էլ պարզապես երազում էին, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը լինի հենց Լարիսա Ալավերդյանը», - շրջանակված է «Հայկական ժամանակ»-ում: - «Տիկին Ալավերդյանի նշանակումը միանգամայն տեղավորվում է վերջին ժամանակների մի քանի նշանակումների համատեքստում: Երեւի դարձյալ պատահաբար է ստացվել, սակայն տիկին Ալավերդյանը եւս Ռոբերտ Քոչարյանի համերկրացին է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG