Մատչելիության հղումներ

Ամերիկյան ապահովագրական ընկերությունը 20 մլն դոլար է վճարելու ցեղասպանության զոհերի ժառանգներին


Ամերիկյան New York Life ապահովագրական ընկերության եւ մինչեւ ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում բնակված եւ այդ ընկերությունում ապահովագրված հայերի ժառանգների շահերը ներկայացնող փաստաբանների միջեւ չորեքշաբթի օրը ձեռք բերված համաձայնությամբ, ընկերությունը ապահովագրված հայերի ժառանգներին կվճարի 20 միլիոն դոլար:

New York Life Insurance Co. խոշորագույն ամերիկյան ապահովագրական ընկերությունը 1915 թ. հայոց ցեղասպանությունից առաջ ապահովագրել էր Օսմանյան կայսրությունում բնակվող հազարավոր հայերի, որոնց ժառանգները, սակայն, մինչեւ այժմ չեն կարողացել ստանալ ապահովագրական գումարները:

1999 թվականին հայերը դատական գործ էին հարուցել New York Life ապահովագրական ընկերության դեմ Կալիֆորնիայի դատարանում՝ ընկերությանը մեղադրելով իրենց հասանելիք վճարները չվերադարձնելու մեջ: Ընկերությունը սկզբում հրաժարվում էր վճարել՝ առարկելով հատկապես հայերի պահանջած նախնական գումարի դեմ՝ 3 միլիարդ դոլար: Ի վերջո, ընկերությունը համաձայնեց վճարել միայն 10 միլիոն դոլար, ինչին հայերը չհամաձայնեցին՝ շարունակելով պահանջել ավելին:

Եվ ահա երեկ կողմերը համաձայնության են եկել 20 միլիոն դոլարի շուրջ: New York Life-ը բացել էր իր արխիվները եւ հայտնաբերել, որ ժամանակին Թուրքիայում 2400 հայ է ապահովագրված եղել: Այդ մարդկանց՝ աշխարհով մեկ սփռված ժառանգների ցուցակը տեղադրված էր ընկերության ինտերնետային էջում (http://www.armenianbar.org/newyorklife.htm):

Կայացած համաձայնությունից գոհ են ինչպես փաստաբան Վարդգես Եղիայանը, այնպես էլ New York Life ընկերության գործադիր նախագահ Սի Ստերնբերգը:

Այս հաղթանակը հայերի համար խորհրդանշական էր: «Սա նշանակում է, որ մենք կարող ենք վերականգնել արդարությունը մեր նախնիների համար, որոնք ենթարկվել են ցեղասպանության», - ասել է փաստաբան Եղիայանը:

20 միլիոն դոլարից 3 միլիոնը կուղղվի հատուկ հիմնադրամի ստեղծմանը, որի միջոցները կհատկացվեն ամերիկահայ մարդասիրական կազմակերպություններին՝ հայկական եկեղեցիներին, Հայ բարեգործական ընդհանուր միությանը եւ Գլենդեյլի կրթական հիմնադրամին:

Համաձայնության վերաբերյալ դատարանի կողմից պաշտոնական վճիռ կայացնելուց հետո, ինչը սպասվում է փետրվարի 15-ին, http:/www.armenianinsurancesettlement.com ինտերնետային էջում կտեղադրվի ապահովագրական անհրաժեշտ փաստաթղթերն ունեցողների պաշտոնական ցուցակ, որում ընդգրկված մարդիկ կարող են ստանալ գումարները:


Հրայր Թամրազյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG