Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի հանձնաժողովը հաստատեց Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցը


Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովը այսօր հաստատեց Հարավային Կովկասի հանդեպ Եվրամիության քաղաքականության մասին զեկույցը, որով կոչ արեց Եվրահանձնաժողովին ընդգրկել Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ» նախաձեռնության մեջ:

Այսօր ընդունված փաստաթղթում, որը մշակել է շվեդ պատգամավոր Պեր Գարթոնը, նաեւ ասվում է. - «Եվրոպան չի կարող Հայաստանից պահանջել ապամոնտաժել Մեծամորի ատոմակայանը առանց ապահովելու այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան Հայաստանին ձեռք բերել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ»:


Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հատվածում զեկույցի նախագիծը ամրագրում էր տարածքային ամբողջականության սկզբունքը, առաջարկում էր դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի 5 գրավյալ շրջաններից եւ ապահովել ադրբեջանցի փախստականների վերադարձը:

Եվրոպայի հայկական ֆեդերացիայի խոսնակ Թալին Թաշչյանը, որ ներկա էր Բրյուսելում այսօր կայացած քվեարկությանը, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ քվեարկությունը ձեռքով էր եւ այդպես էլ պարզ չեղավ՝ արդյո՞ք նախնական ձեւակերպումը մնաց նաեւ լրամշակված տեքստում: Այս անհստակությունը առաջացրել է ներկա պատգամավորների բողոքը:

Խոսնակի վկայությամբ, զեկույցը հորդորում է Թուրքիային եւ Ադրբեջանին վերացնել Հայաստանի շրջափակումը: Զեկույցում վերահաստատվում է Եվրամիության 1987 թվականի բանաձեւը, որով հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից Եվրամիությանը այդ երկրի անդամակցության նախապայման էր համարվում:

Ըստ Թալին Թաշչյանի, Պեր Գարթոնի զեկույցը Եվրախորհրդարանի լիագումար նիստում կլսվի փետրվարին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG