Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կալանված հայ պատգամավորի հարցով զբաղվում է երկրի ներքին անվտանգության նախարարությունը


Հունվարի 15-ին Միացյալ Նահանգներ մուտք գործելիս Վիրջինիա նահանգի ներգաղթի ծառայության մեկուսարան տեղափոխված Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» դաշինքի անդամ Թաթուլ Մանասերյանի հարցով զբաղվում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո ստեղծված Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարությունը (Department of Homeland Security):

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան մամուլի գծով մասնագետ Լուսինե Ասլանյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան երկուշաբթի օրը ասաց, որ Թաթուլ Մանասերյանի դեմ մեղադրանքի բովանդակությունն իմանալու համար պետք է դիմել Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարություն:

Ինչ վերաբերում է դիվանագիտական անձնագրով ճամփորդող պատգամավորի անձեռնմխելիության իրավունքին, ապա Ասլանյանի խոսքերով, միայն դիվանագիտական անձնագիրը որեւէ պաշտոնյայի դիվանագիտական անձեռնմխելիությամբ չի օժտում:

Նույնը ասաց նաեւ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, ում խոսքերով անձեռնմխելությունը վերաբերում է միայն տվյալ երկրում «հավատարմագրված եւ գործող դիվանագետներին»:

«Ես գիտեմ նաեւ, որ Թաթուլը որոշ ժամանակ բնակվել է Միացյալ Նահանգներում: Ըստ երեւույթի, ինչ-որ հիմքեր ունեն, եթե Ազգային ժողովի պատգամավորին կալանքի են ենթարկում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մկրտչյանը՝ ավելացնելով. - «Բայց վստահ եմ նաեւ, որ, եթե թյուրիմացություն է հիմքում դրված, շատ արագ կհարթվի հարցը»:

Հայաստանի արտգործնախարության խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Թաթուլ Մանասերյանի հետ կապված որեւէ նոր տեղեկություն չկա իր տրամադրության տակ:

Մանասերյանի ազգականները՝ լոսանջելեսաբնակ քույրը եւ երեւանաբնակ եղբայրը, միջադեպը կապում են երեխայի խնամակալության հետ կապված վեճին Մանասերյանի եւ ներկայումս Միացյալ Նահանգներում բնակվող իր նախկին
կնոջ միջեւ: Նրանք ենթադրել էին նաեւ, որ խնդիրը կարող է Մանասերյանի դիվանագիտական անձնագրում մասնավոր վիզան եղած լինի:

Մինչդեռ Ազգային Ժողովի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցությունը, որի անդամ է Թաթուլ Մանասերյանը, անհրաժեշտ փաստաթղթերն է ի մի բերում՝ ամերիկյան համապատասխան գերատեսչություն ուղարկելու համար:

«Կարծում եմ, կատարվածը թյուրիմացություն է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը:

Անկուսակցական, նախկին դաշնակցական, ԱՄՆ ում բնակության իրավունք (Green Card) ունեցող Թաթուլ Մանասերյանը նաեւ Հայաստանի խորհրդարանի հայ -ամերիկյան բարեկամության խմբի անդամ է:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG