Մատչելիության հղումներ

Բավարար է գնահատվել նաեւ առողջապահության եւ կրթության նախարարությունների աշխատանքը


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ ներկայացված հաշվետվություններում երեքշաբթի օրը հերթական «բավարար»-ները ստացան առողջապահության, գիտության եւ կրթության նախարարությունները, ինչպես նաեւ կառավարությանն առնթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեն։ Երեկ նույնպես բավարար էր գնահատվել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության աշխատանքը:

Առողջահահության նախարար Նորայր Դավիդյանի տեղեկացմամբ, 2003 թվականի ընթացքում հանրապետության բուժհիմնարկները պետպատվերի շրջանակներում ֆինանսավորվել են 100 տոկոսով։ Անցյալ տարվա ընթացքում իրականացվել է մարզերի եւ Երեւանի առողջապահական հիմնարկների օպտիմալացում, որի արդյունքում տնտեսվել է 2 միլիարդ դրամ։ Այդ ընթացքում հանրապետության 37 առողջապահական հիմնարկներից ստեղծվել են 10 միավորումներ։

Նախարարը հավելեց, թե 2003 թվականին դրական տեղաշարժեր են գրանցվել բնակչության առողջական վիճակի, ինչպես նաեւ բնակչության ծնելիության ցուցանիշների գծով։ Դրանով հանդերձ, թեեւ բնակչության շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների եւ նորագոյացությունների գծով հիվանդացության նվազում է նկատվել, սակայն դրանց գծով մահացածությունը կտրուկ աճել է. սիրտանոթային հիվանդությունների գծով՝ 54 եւ նորագոյացությունների գծով՝ 17 տոկոսով։ Այս մտահոգիչ թվերը, ըստ նախարարի, պայմանավորված նաեւ դիմելիության թվի կրճատմամբ, այսինքն՝ քաղցկեղով կամ սրտային հիվանդություն ունեցող մարդկանցից շատերի համար նման բուժօգնությունը թանկ է ու անմատչելի:

«Ամբողջ աշխարհում կա այդ երեւույթը», - ասաց Դավիդյանը: - «Բժշկության մեջ դա կոչվում է «մկրատի սինդրոմ»՝ դիմելիությունը քիչ է, բայց մահացությունը բարձրանում է»:

Առողջապահությանը պետապատվերով նախատեսված հատկացումներից մի քանի անգամ ավելի գումարներ հիվանդը ստիպված է վճարել սեփական գրպանից։ Վիճակը ինչ-որ տեղ շտկելու եւ ստվերային վճարումները լեգալացնելու նպատակով անցյալ տարի մայրաքաղաքի մի շարք շտապօգնության հիվանդանոցներում «համավճար» է կիրառվել. մարդիկ նման բուժհիմնարկների ծառայությունից օգտվելու համար պետք է 10 հազար դրամ մուծեն բուժհաստատության դրամարկղ։ Նախարարը վճարման այդ մեխանիզմի կիրառման արդյունքը դրական գնահատեց:

«Մենք գտնում ենք, որ համավճարը մտցնելը կոռուպցիայի դեմ պայքարի փոքր մի կետ է: Այդ համավճարները տարածվում են միայն սոցիալապես ապահով մարդկանց վրա: Երեք ամսվա ընթացքում 17 միլիոն դրամ է հավաճարով հավաքվել», - ասաց Դավիդյանը:

Գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանը լրագրողներին ասաց, որ անցյալ տարի իր ղեկավարած համակարգի հիմնական խնդիրը եղել է հանրակրթական դպրոցների օպտիմալացումը: Մասնավորապես՝ դադարեցվել է 35 դպրոցի գործունեությունը, կրճատվել է 3500 ուսուցիչ, դասարանների կոմպլեկտավորումը մոտեցվել է ընդունված պահանջներին:

Կատարված փոփոխություների, ինչպես նաեւ բյուջետային հատկացումների ավելացման հաշվին հնարավորություններ են ստեղծվել ուսուցչի միջին աշխատավարձը հասցնել 30 հազար դրամի։

Նախարարը հավաստիացրեց, որ 2004 թվականին կրթական բարեփոխումները կշարունակվեն՝ արդեն Համաշխարհային բանկի կրթական երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG