Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյանը հույս չունի, թե վերաքննիչ դատարանը կարող է բեկանել առաջին ատյանի վճիռը


Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով վերաքննիչ ատյանի դատարանի վճռի հրապարակման նախօրեին սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանվող Արմեն Սարգսյանի ավագ եղբայրը՝ ընդդիմության առաջնորդներից Արամ Սարգսյանը ասում է, թե հույս չունի, որ այդ, ինչպես նաեւ վճռաբեկ ատյանի դատարանը կարող են բեկանել իր եղբոր դատավճիռը:

«Միանշանակ ես համոզված եմ, որ դատարանը բեկանելու վճիռ չի կայացնի», - «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը: Նրա խոսքերով, երկու դատարաններում էլ (առաջին ատյանի եւ վերաքննիչ) իրենք կարողացան ապացուցել, որ Արմեն Սարգսյանը անմեղ է. - «Իսկ իշխանությունը, իր ազդեցության տակ ունենալով դատախազություն, դատավորներ, նույնիսկ որոշակի մեղադրյալներ, չի կարողանում հակառակն ապացուցել»:

«Դա Սարգսյանների ընտանիքը վարկաբեկելու նպատակով է արվում», - շարունակեց Արամ Սարգսյանը: - «Եվ այդ գործընթացները սկսվել են անմիջապես հոկտեմբերի 27-ից հետո: Եթե նույնիսկ ես չզբաղվեի քաղաքական գործունեությամբ, միեւնույն է, մեր ընտանիքի վարկաբեկման գործընթաց տանելու էին... Նույնիսկ զոհված Վազգեն Սարգսյանը իր հեղինակությամբ ավելին է, քան այս իշխանությունները»:

Արմեն Սարգսյանի փաստաբանները այսօր հրավիրած ասուլիսում կրկին պնդեցին, թե գործի մեջ չկա որեւէ դրվագ, որում անպատասխան մնացած բազմաթիվ հարցեր չլինեն: Մեծ թվով տրամաբանական եւ իրավական հարցադրումներ մնացել են առկախ, որոնցից ցանկացածի բացահայտումը կարող է որոշակի լույս սփռել այս «չավարտված» դատավարության վրա:

Փաստաբանների պնդմամբ, Արմեն Սարգսյանի անմեղությունը ապացուցված է ոչ միայն պաշտպանական կողմի ներկայացրած հիմնավորումներով, այլեւ՝ մեղադրող կողմի ապացույցների չհիմնավորվածությամբ:

«Թե ինչպիսի վճիռ կկայացնի վերաքննիչ դատարանը, ես այժմ չեմ ուզում ասել, որովհետեւ դա մնում է դատարանի խղճին», - ասաց Արմեն Սարգսյանի պաշտպաններից Ամալյա Ավագյանը: - «Որովհետեւ, ունենալով այսպիսի ապացույցներ, չեմ պատկերացնում, թե նրանք կարող են դատապարտել Արմեն Սարգսյանին: Չէ՞ որ չի ապացուցվում իրենց մեղադրանքը»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG