Մատչելիության հղումներ

Հանձնվեցին Հայաստանի 2003 թվականի պետական մրցանակները


Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում՝ 2003 թվականի դեկտեմբերի 22-ի հրամանագրով են շնորհվել պետական մրցանակները, ուրբաթ օրը հանդիսավոր պայմաններում դրանք հանձնեց մրացանակակիրներին:

Երկրորդ անգամ շնորհվող պետական մրցանակի դափնեկիրներ են դարձել բանաստեղծ Արտեմ Հարությունյանը՝ գրականության եւ հրապարակախոսության ոլորտում (Հուդայի արձակուրդը» գրքի համար), երաժշտության ասպարեզում՝ երգահան Արզաս Ոսկանյանը («Պատարագ» ստեղծագործության համար), «Վավերագրողը» խաղարկավավերագրական կինոնկարի ստեղծագործական խումբը՝ Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ, եւ ճարտարապետության ոլորտում՝ 2002 թվականի «Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագիծ» աշխատանքի ստեղծագործական խումբը:

«Իմ դերակատարությունը այստեղ բավական համեստ է», - մրցականները դափնեկիրներին հանձնալեուց հետո ասաց նախագահ Քոչարյանը: - «Իմ խնդիրն է եղել կանոնակարգել հրամանագրով այս ամբողջ գործընթացը եւ նախագահի ֆոնդից տրամադրել համապատասխան գումարներ»:

Պետական մրցականի դրամական արժեքը 2,5 միլիոն դրամ է: Անկախացումից ի վեր պետական մրցանակաբաշխությունը արվեստի եւ գրականության բնագավառում վերականգնվել է 2001 թվականին: Այն ժամանակ մրցանակաբաշխության հանձնաժողովը մեկն էր, իսկ ահա 2003 թվականի համար կազմվեց ոչ թե մեկ, այլ հինգ հանձնաժողով՝ ըստ մրցանակների անվանակարգերի:

Եթե 2001 թվականին գրականության եւ հրապարակախոսության բնագավառում էր, ուր հանձնաժողովը որոշել էր չշնորհել մրցանակ, ապա այս տարի կերպարվեստի գծով հանձնաժողովը, արվեստաբան Սարո Սարուխանյանի գլխավորությամբ, պետական մրցանակի չարժանացրեց հավակնորդ 11 գործերից որեւէ մեկը:

Սարուխանյանի խոսքերով, ներկայացված գործերից ոչ մեկը չի հավաքել հանձնաժողովի անդամների՝ կանոնադրությամբ սահմանված ձայների անհրաժեշտ քանակ:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG