Մատչելիության հղումներ

Մշակույթի նորանշանակ փոխնախարարները ներկայացվեցին նախարարության աշխատակազմին


Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Մանուկ Թոփուզյանը այսօր մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել երեկ վարչապետ Մարգարյանի որոշումներով փոխնախարարներ նշանակված Գագիկ Գյուրջյանին եւ Կարինե Խոդիկյանին:

Գագիկ Գյուրջյանը, ով մինչեւ նշանակումը մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետն էր, փոխնախարարի պաշտոնում փոխարինելու է Կարեն Արիստակեսյանին: Վերջինս իրեն աշխատանքից ազատելը կապում է քաղաքական զարգացումների հետ:

«Քաղաքական, հայեցողական պաշտոն է եւ, բնականաբար, երբ նշանակվում ես, պիտի մի օր էլ պատրաստ լինես ազատվելու», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա: Արիստակեսյանին առայժմ նոր աշխատանք չի առաջարկվել:

Պաշտոնազրկված մյուս փոխնախարարը՝ Ալիս Ադամյանը, մինչդեռ, արդեն նշանակվել է մշակույթի գծով վարչապետի խորհրդական: «Չափազանց սահուն եւ դրական լուծում գտնվեց, որովհետեւ ես, որպես մշակութային գործիչ եւ մշակույթի կենսագրություն ունեցող մարդ, շարունակելու եմ իմ մշակութային գործունեությունը որպես վարչապետի խորհրդական», - ասաց Ադամյանը՝ իր գոհունակությունը հայտնելով, որ իրեն փոխարինելու է «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը հրաժարվեց մեկնաբանել նոր նշանակումները՝ խոստանալով դա անել երկուշաբթի օրը:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG