Մատչելիության հղումներ

«2004-ի ամենաթեժ կետը ԱՊՀ տարածքում լինելու է Վրաստանը»


Ըստ աշխարհի ամենահայտնի վերլուծական կենտրոններից մեկի՝ ռազմավարական կանխատեսումների «Սթրաթֆոր» հաստատության, այս տարի ամենաթեժ կետը հետխորհրդային տարածքում լինելու է Վրաստանը:

8 տարի առաջ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում հիմնված այդ կազմակերպության վերլուծաբանները գտնում են, որ «Թբիլիսիի նոր իշխանությունը կարող է փորձել ուժ կիրառել՝ հաստատելու իր գերակայությունը անջատողական տարածքների նկատմամբ, ինչը կհանգեցնի քաղաքացիական պատերազմի՝ մի քանի ճակատներով»:

«Ընդ որում, Վաշինգտոնն ու Մոսկվան, իհարկե ոչ բացեիբաց, բայց սատարելու են հակառակ կողմերին: Ուստի», - փաստում է «Սթրաթֆոր»-ը, - «Բաքու - Թբիլիսի - Ջեյհան կոնսորցիումի համար, որը մտադիրը է նավթատարը շահագործման հանձնել 2005 թվականին, ամենեւին էլ լավագույն ժամանակները չեն»:

«Սթրաթֆոր»-ի փորձագետների՝ երեկ հրապարակված ծավալուն կանխատեսում-զեկույցում նշվում է նաեւ, որ 2004 թվականի ամենականխատեսելի իրադարձությունը նախկին խորհրդային տարածքում Վլադիմիր Պուտինի շռնդալից հաղթանակն է լինելու մարտին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Կանխատեսելի է նաեւ Ռուսաստանի՝ 2004 թվականի կողմնորոշման ուղղությունը՝ Ամերիկայից դեպի Եվրոպա: Այդ շարժումն ուրվագծվել է 2003 թվականին, երբ Ռուսաստանը սկսեց հետզհետե հեռանալ Ամերիկայից եւ ավելի ու ավելի մերձենալ Եվրոպային», - փաստում են «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները՝ եզրակացնելով. - «Դա անխուսափելիորեն կմոտեցնի Ռուսաստանը Ֆրանսիա - Գերմանիա առանցքին»:

Այնուամենայնիվ, ըստ «Սթրաթֆոր»-ի կանխատեսման, 2004-ին գործը չի հասնի Ամերիկա - Ռուսաստան ակնհայտ առճակատման: «Միաժամանակ», - ինչպես փաստում են վերլուծական կենտրոնի մասնագետները, - «սեպտեմբերի 11-ից հետո Ամերիկան մեծացրեց իր ազդեցությունը Ռուսաստանի շուրջ գտնվող երկրներում... Այս տարի Ռուսաստանը «վրեժխնդիր է լինելու» միակ ձեւով, որին ունակ է այդ պետությունը՝ աջակցելով իր դաշնակիցներին եւ պրոբլեմներ ստեղծելով Վաշինգտոնի բարեկամների համար»:

2004 թվականին, «Սթրաթֆոր»-ի կանխատեսմամբ, Ամերիկան ուժգին ճնշում է բանեցնելու՝ փորձելով գահընկեց անել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Լիտվայի նախագահ Ռոլանդաս Պակսասին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինին, Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովին եւ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմային: Սակայն դա կարող է հաջողվել միայն Լիտվայում եւ Մոլդովայում:

Իսկ 2004-ին ԱՊՀ երկրների տնտեսական զարգացմանը վերաբերող եզրակացությունը հետեւյալն է. - «Նախկին խորհրդային երկրներից ոչ մեկը ճեղքում չպետք է ակնկալի»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG