Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մեղադրվում է ՆԱՏՕ-ի զորավարժությունների նախապատրաստական կոնֆերանսին հայ զինվորականների մասնակցությանը խոչընդոտելու մեջ


Ուրբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղարը տարածել է հայտարարություն, որով Ադրբեջանի իշխանությունները մեղադրվում են մուտքի արտոնագրեր չտալու համար հայ զինվորականներին, ովքեր պիտի մասնացեին գալիք ամռանը Ադրբեջանում կայանալիք ՆԱՏՕ-ի՝ «Գործակցության՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվելիք զորավարժությունների նախապատրաստական կոնֆերանսին:

«Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատան կողմից հայ սպաներին մուտքի արտոնագրեր տալու մերժումը, հանգեցնում է այն ենթադրությանը, որ ադրբեջանական կողմը, խախտելով ԳՀԽ ծրագրի պահանջները, փորձում է մերժել հայ սպաների մասնակցությունը նախնական պլանավորման կոնֆերանսին», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի հայտարարության մեջ: - «Գտնում ենք, որ Ադրբեջանի այս պահվածքը անընդունելի է, ինչպես ՆԱՏՕ-ի անդամ, այնպես էլ գործընկեր երկրների համար եւ վստահ ենք, որ նրանք հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին եւ կշարունակեն պարտադրել Ադրբեջանին, որ անի ամեն ինչ, որպեսզի հայկական կողմը մասնակցի պլանավորման կոնֆերանսին»:

Համանման զորավարժությունները անցած տարի անցկացվեցին Հայաստանում, եւ Ադրբեջանի զինվորականների չմասնակցեցին այդ զորավարժություններին: Հայաստանի զինվորականները, հակառակ դրան, մի քանի անգամ նշել են, որ մտադիր են մասնակցել Ադրբեջանում անցկացվելիք զորավարժություններին:

«Եթե հայկական կողմին չհաջողվի ստանալ մուտքի արտոնագրեր Թբիլիսիում գտնվող Ադրբեջանի դեսպանատանը, ապա հայ սպաները (խմբի ղեկավար, գնդապետ Մուրադ Իսախանյան, փոխգնդապետ Ալբերտ Բաղդադյան, կապիտան Արմեն Մարտիրոսյան) կփորձեն մուտքի արտոնագրեր ստանալ Բաքվի օդանավակայանում», - նշված է Շահսուվարյանի հայտարարության մեջ: - «ՀՀ Պաշտպանության նախարարությունը գտնում է, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության կարելի է հասնել միայն համագործակցության ճանապարհով, ինչպես ԳՀԽ, այնպես էլ երկկողմ համագործակցության շրջանակներում»:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG