Մատչելիության հղումներ

Թուրքական կինոընկերությունը հրաժարվում է «Արարատ» կինոնկարը ցուցադրելու մտադրությունից


(«Ասոշիեյթեդ Փրես», «Ֆրանս Պրես»). - Թուրքական կինոընկերությունը հրաժարվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունների մասին պատմող կինոնկարի ցուցադրումից՝ վախենալով թուրք ազգայնականների հնարավոր բռնություններից:

«Մեր հասարակության մի մասը անհարկի կարեւորություն է տալիս այս աննշան կինոնկարին... եւ հանդես է գալիս այն ցուցադրելու դեմ: Մենք չենք կարող անտեսել դա», - ասված է «Բելգե ֆիլմ» ընկերության հայտարարության մեջ:

Անցած ամիս Թուրքիայի մշակույթի նախարարությունը թույլատրել էր Օսմանյան Թուրքիայում հայերի օրհասական վիճակը նկարագրող «Արարատ» կինոնկարի ցուցադրումը, սակայն պահանջել էր հանել առնվազն թուրքերի կողմից հայ կնոջ բռնաբարության տեսարանը: Հայկական ծագում ունեցող կանադացի Ատոմ Էգոյանի ֆիլմը կինոթատրոններում պիտի ցուցադրվեր հունվարի կեսերից:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ծայրահեղ աջ ազգայնական երիտասարդական խումբը հայտարարել էր, թե թույլ չի տա, որ կինոնկարը ցուցադրվի Թուրքիայի կինոթատրոններում՝ պնդելով, թե այն հակաթուրքական քարոզչություն է պարունակում:

CNN-Turk մասնավոր հեռուստատեսության եթերում Թուրքիայում կինոնկարի ցուցադրման իրավունքը գնած ընկերության սեփականատեր Սաբահադդին Չեթինը ասել է. - «Դուք ուզո՞ւմ եք կինոնկարը դիտել կինոթատրոնում, որը կարող է քարկոծվել կամ որտեղ բռնություններ կարող են լինել»:

Չեթինը ասել է նաեւ, որ կառավարությունը առաջարկել է ոստիկաններ տեղակայել այն կինոթատրոններում, ուր ցուցադրվելու է «Արարատ»-ը, սակայն ինքը հրաժարվել է: Չեթինը ավելացրել է, որ ինքը խնդրանքով դիմել է Թուրքիայի ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդին՝ համոզել ազգայնական խմբերին չխոչընդոտել կինոնկարի ցուցադրումը:

Կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին, սակայն, ասել է, թե Չեթինի կողմից նման խնդրանք չի ստացել: «Մեր շահերից է, որ ուսումնասիրենք, թե ինչու է Թուրքիա բերվել թուրք ազգին դեմ մի կինոնկար», - ասել է Բահչելին:

Թուրքիայում կինոնկարի ցուցադրմանն ավելի վաղ աջակցություն էր ցուցաբերել երկրի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրկան Մումչուն: «Թուրքիան դյուրությամբ կարող է հանդուրժել նման բաները», - ասել էր Մումչուն: - «Ովքեր ուզում են դիտել այդ կինոնկարը, կարող են գնալ եւ դիտել այն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG