Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ի՞նչ է կատարվելու 2004 թվականին: «Առավոտ» թերթը նախանշում է. - «Ռոբերտ Քոչարյանը եւս մի երկու անգամ քաշելու է Դաշնակցության եւ «Օրինաց երկիր»-ի ականջները՝ առաջնորդվելով «ծեծիր յուրայիններին, որ օտարները վախենան» սկզբունքով: 2004-ի վերջում նա հայտարարելու է տնտեսության եռանիշ աճի (մոտավորապես 346 տոկոս) եւ իր ջանքերով ստեղծված 144 հազար նոր աշխատատեղերի մասին: Անդրանիկ Մարգարյանը հզորացնելու է Հանրապետական կուսակցությունը: 2004 թվականին նժդեհական-տարոնական-ցեղակրոն գաղափարախոսության ջերմ երկրպագուներ կդառնան հարյուրավոր հարկային տեսուչներ, մաքսավորներ եւ խոշոր խորովածանոցների տերեր: Արտաշես Գեղամյանը հանդես կգա «Արտաշես Գեղամյանը համաշխարհային քաղաքակրթության հանգույցներում» ծավալուն աշխատությամբ, ուր կբերվեն բազմաթիվ վիճակագրական տվյալներ տարբեր երկրների պաշտոնական տեղեկատուներից: Գագիկ Հարությունյանը հանդես կգա Ռոբերտ Քոչարյանին ցմահ նախագահ նշանակելու մասին համաժողովրդական հանրաքվե անցկացնելու առաջարկով՝ հանուն կայունության եւ պետականության ամրապնդման: Ստեփան Դեմիրճյանը կշարունակի գնալ բացառապես սահմանադրական ճանապարհով եւ 2004, 2005 եւ 2006 թվականներին 648 անգամ կրկնելու է «Մենք վճռական ենք սահմանադրական կարգը հաստատելու համար մեր պայքարում» նախադասությունը: Արամ Զավենի Սարգսյանը կանխատեսելու է, որ մոտակա 24-36 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է լինելու: «Աջ ուժերը» 2004 թվականին անցկացնելու են 156 սեմինար՝ Նաումանի հիմնադրամի հետ համատեղ, որոնցում հանգամանալից անդրադառնալու են Հայաստանի միջազգային մեկուսացմանը», - լինելիքն է թվարկում «Առավոտ»-ը:

«Ամանորի գիշերը մենք հասկանում ենք, թե ինչքան անարդար ենք եղել միմյանց նկատմամբ, ինչքան անուշադիր, հասկանում ենք, որ կարելի էր լինել շատ ավելի նրբանկատ, շատ ավելի բարի, շատ ավելի մեծահոգի», - ընդգծում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Հասկանում ենք ու խոստանում, որ Նոր տարում կլինենք այդպիսին: Եւ իսկապես, նոր տարին հենց այդպես էլ պետք է ընկալել, որպես մարդանալու, որպես կատարելության հասնելու մի հերթական հնարավորություն: Այդ նոր տարին է միայն, որ մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնել, դուրս նետվել հոսանքից եւ հասկանալ, գիտակցել, թե ինչքան ենք մենք սիրում մեր ծնողներին, մեր երեխաներին, մեր ընկերներին, մեր մերձավորներին, Մարդուն, փողոցով քայլող պատահական այս անցորդին, մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր մոլորակը»:

«Իրատեսություն, ճկունություն, համախոհություն». - «Ազգ» թերթի առանձնացմամբ՝ «հատկապես այս երեք հատկանիշներն են պետք լինելու Հայաստանին առաջիկա տարում արտաքին ճակատի վրա սպասվող փորձությունները հաջողությամբ հաղթահարելու համար». - «Ժամանող տարին լինելու է, անկասկած, դիրքորոշումները վերջնականորեն հստակեցնելու, հարաբերություններն ու կեցվածքները պարզելու, տարակարծությունները հաղթահարելու տարի։ Սպասողականությունն այլեւս չի թույլատրվելու, ձգձգումներն ու ծեքծեքումները չեն հանդուրժվելու»։ «Վաղուց արդեն տարածաշրջանը դիտվում է իբրեւ տնտեսական ու տրանսպորտային մեկ եւ միասնական միավոր, որտեղ բացառվում է առանձին որեւէ երկրի առաջանցիկ զարգացումը անկախ մյուսից եւ մյուսներից։ Հետեւաբար կայունացման եւ միավորման գործընթացի կանոններն առաջիկա տարի պարտադրվելու են նաեւ Հայաստանին։ Այլ խոսքով՝ ղարաբաղյան հիմնահարցը մտցվելու է կարգավորման արագընթաց հուն», - շեշտադրված է «Ազգ»-ում։ - «Հարցի լուծման հնարավոր բոլոր գաղափարներն արդեն տրվել են հակամարտ կողմերին։ Նորերի համար տեղ ու ժամանակ չկա։ Մեզ մնում է ակտիվ կերպով ներգրավվել կարգավորման գործընթացների մեջ եւ ձգտել նվազագույն կորուստներով դուրս գալ սակարկություններից եւ Ադրբեջանի հետ հաստատել արդար խաղաղություն»։

«2004 թվականը պիտի ամրապնդի ազգային միավորման առկա միտումները», - վստահեցնում-մաղթում է «Գոլոս Արմենիի» թերթը: - «Եվ միայն միասնական մենք կարող ենք դիմագրավել մեր բարդ ժամանակների բազում մարտահրավերներին»: «Գոլոս Արմենիի»-ին մաղթում է նաեւ իմաստնություն ու խորաթափանցություն՝ կարողանալու համար տարբերել իրական հայրենասիրությունը կեղծից, իրական հոգատարությունը՝ դրա սպեկուլյացիայից, քանզի գալիք տարում եւս կեղծ մարգարեների ու առաքյալների պակաս չի զգացվելու»:

Գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը «Հայոց աշխարհ» թերթում ասում է. - «Լավագույն տարբերակը մեր կյանքի համար այն է, երբ ոչ մի արտակարգ բան չի կատարվում, ամեն ինչ ընթանում է միապաղաղ եւ հեշտ կանխատեսելի։ Թող տարվա ոչ մի եղանակ թեժ չլինի, ավելի ճիշտ, թեժանալու առիթ չստեղծվի։ Մեղք ենք, հոգնել ենք, ուզում ենք սովորական կյանքով ապրել, առանց զիգզագների, առանց վայրիվերումների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG