Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը շարունակում է վճռականություն ցուցաբերել սակագների բարձրացման հարցում


«Հայփոստ»-ի բաժանմունքներում եւ «ԱրմենՏել»-ի բաժանորդների սպասարկման տեղամասերում շարունակում են հրաժարվել հունվար ամսվա համար հաստատագրված վճար (կանխավճար) գարձել բաժանորդներից, ինչը նշանակում է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի մենատերը հետեւողական է ընկերության տնօրենների խորհրդի՝ 2004 թվականի հունվարի 1-ից վարձավճարները բարձրացնելու որոշումն իրագործելու առումով:

«ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 21-ին որոշում էր կայացրել, որ 2004 թվականի հունվարի 1-ից թվային կայանների բաժանորդներից 1 րոպե տեղական զանգի դիմաց կգանձվի 8 դրամ (ներկայիս 4 դրամի փոխարեն), մեկ ամսվա ընթացքում աբոնենտային վճարի դիմաց տրամադրվող 360 րոպեն կկրճատվի մինչեւ 120 րոպե, իսկ դեկտեմբերի 1-ից կդադարեցվի կանխավճարների գանձումը (կանխավճարը թույլ էր տալիս 3600 դրամ մուծելու դեպքում ամբողջ ամիսը անսահմանափակ կերպով օգտվել հեռախոսակապից):

«ԱրմենՏել»-ի բաժանորդների սպասարկման տեղամասերում կանխավճար չընդունելը հիմնավորում են ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատարի համապատասխան որոշմամբ, իսկ Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությանը ենթարկվող «Հայփոստ» ընկերության ղեկավարները խուսափեցին ասել, թե նախարար Անդրանիկ Մանուկյանը տվե՞լ է կանխավճարներ ընդունելու մասին հրաման, թե ոչ: Ամեն դեպքում «Հայփոստ»-ի բաժանմունքներում նույնպես կանխավճար հրաժարվում են գանձել:

Անդրանիկ Մանուկյանը, մինչդեռ, դեկտեմբերի 12-ին «Ազատություն» ռադիոկայանի՝ կանխավճարների չվերցնելուն վերաբերող հարցին ի պատասխան, Ժնեւից հեռախոսով ասել էր. - «Չեն վերցնում՝ կգամ «Հայփոստ»-ի պետին կազատեմ աշխատանքից»:

«Ես նրան հանձնարարել եմ, որ կանխավճարները ստանա», - ավելացրել էր նախարարը՝ խոստանալով վերադառնալուն պես ճշտել հարցը:

Դեկտեմբերի 18-ին տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն «ԱրմենՏել»-ի դեմ հայց է ներկայացրել Հայաստանի տնտեսական դատարան: Դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի փոխանցմամբ, դատական առաջին նիստը կկայանա 2004 թվականի հունվարի 8-ին:

Իսկ դեկտեմբերի 19-ին արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշմամբ պարտադրվել է «Արմենտել»-ին վերսկսել հաստատագրված վճարների գանձումը: Այդ որոշումը, արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանի խոսքերով, «ենթակա է անհապահ կատարման»:

Սաղաթալյանի փոխանցմամբ, որոշումը, անշուշտ, կարող է նաեւ բողոքարկվել, սակայն, ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի, դա չի կասեցնում կատարողական գործողությունները:

«ԱրմենՏել»-ը ձեռնպահ է մնում հարցի շուրջ որեւէ մեկնաբանությունից:

Անցած շաբաթ «Ռոյթեր» գործակալությունը տարածել է հունական OTE ընկերության գործադիր տնօրեն Անտոնակոպուլոսի հետ հարցազրույցը, որում վերջինս ընկերության անունից հույս է հայտնում, որ 2004 թվականի առաջին եռամսյակում վաճառելու են «ԱրմենՏել» ընկերությունում իրենց 90 տոկոսանոց մասնաբաժինը:

Այդ առնչությամբ Արա Սաղաթելյանը ասաց. - «Առանց Հայաստանի կառավարության նախնական համաձայնության OTE-ն չի կարող օտարել իր բաժնեմասը «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկությունում»:

«Հայաստանի կառավարությունը պաշտոնական որեւէ ծանուցում այն մասին, որ «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկության բաժնետեր հանդիսացող OTE ընկերությունը ստացել է ողջամիտ առաջարկ բաժնետոմսերի օտարման կամ փոխանցման վերաբերյալ, այս պահին չի ստացել», - ավելացրեց արդարադատության նախարարի խոսնակը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG