Մատչելիության հղումներ

Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը


Չորեքշաբթի օրը Հայաստանը ողջունել է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից երեկ ընդունված բանաձեւը, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչվել են որպես ցեղասպանություն:

«Ճանաչումը արդյունք է այդ ուղղությամբ Շվեյցարիայի քաղաքական եւ հասարակական ուժերի, պատմաբանների եւ իրավաբանների, մտավորականության այլ ներկայացուցիչների, ինչպես նաեւ շվեյցարահայ կազմակերպությունների երկարամյա դիմումների», - տարածված հայտարարության մեջ ասում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը: - «Դրանով Շվեյցարիան, հարգանքի տուրք մատուցելով Օսմանյան կայսրությունում եղեռնի զոհ դարձած միլիոնավոր հայերի հիշատակին, հիշեցնում մարդկության դեմ գործված ոճիրների անժամանցելիության մասին եւ իր նպաստը բերում նեգացիոնիզմի դեմ պայքարում»:

Գասպարյանը նաեւ հույս է հայտնել, որ Շվեյցարիայի խորհրդարանի որոշումը չի անդրադառնա երկկողմ հարաբերությունները նորմալացնելուն ուղղված Հայաստանի եւ Թուրքիայի մտադրությունների վրա:

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը առանձին ու յուրահատուկ գործընթաց է, որ ունի իր տրամաբանությունը եւ մենք չէինք ցանկանա, որ այն կապվեր հայ-թուրքական առկա երկխոսության հետ», - ասել է նա:

Ընդունելով հիշյալ բանաձեւը, Շվեյցարիան դարձավ 15 երկիրը, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, բնականաբար, հակազդեցություն է առաջացնում Թուրքիայում: Շվեյցարիայի դեսպանը Անկարայում այսօր հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն եւ նրան բողոք է ներկայացվել հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն ընդունելու կապակցությամբ:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG