Մատչելիության հղումներ

Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը


Չորեքշաբթի օրը ավարտվեց անցյալ շաբաթ սկսված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Նստաշրջանի վերջին օրը քվեարկությամբ ընդունվեցին 27 օրինագծեր, այդ թվում 2004-ի բյուջեին կապակցված հարկային փոփոխությունների փաթեթը եւ Եվրախորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորություններից՝ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը:

Քվեարկություններն ավարտվեցին, սակայն հարկային փոփոխությունների փաթեթին առնչվող օրենքներից մեկը, որը վերաբերում է բենզինի եւ դիզելային վառելիքի հարկման կարգին, ավելի մանրամասն քննության առնվեց: Պատգամավորների պահանջով Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը բացատրություն տվեց սահամանվող այն նորմի վերաբերյալ, թե այսուհետեւ յուրաքանչյուր օգտագործվող ծորակի համար բենզին վաճառողները պետք է ամեն ամիս 30 հազար դրամ մուծեն:

«Բենզինը չի թանկանա», - վստահեցրեց Արմեն Ալավերդյանը՝ ավելացնելով, թե սոսկ հարկումն է պարզեցվում:

Հարկումը պարզեցնելու մեկ այլ մեխանիզմ նույնպես նախատեսված է. օրենքով սահմանվում է, որ յուրաքանչյուր տոննայի դիմաց իրացման 1 տոկոսը պիտի հարկվի շահութահարկի տեսքով՝ բայց ոչ պակաս, քան 5 դոլար բենզինի, եւ 3 դոլար դիզելային վառելիքի համար:

Ազգային ժողովը քվերակությամբ հավանություն տվեց նաեւ կառավարություն ներկայացրած նախագծին, որով հարկային արտոնություններ տրամադրվեցին Մեծամորի ատոմակայանին, Երեւանի Ջերմաէլեկտրակենտրոնին, Որոտանի հիդրակայանների համալիրին, «Բարձրավոլտ էլետրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը, էներգետիկ ոլորտի մի շարք այլ ձեռնարկությունների:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, ատոմակային հարկային արտոնություն կտրվի 15,8 միլիարդ դրամի չափով, «Հայռուսգազարդին»՝ 2,6 միլիարդ դրամ տույժ ու տուգանքների մասով:
Մովսիսյանի պարզաբանմամբ, դրանք բյուջեի նկատմամբ այն պատքերն են, որոնք առաջացել են թերգանձումների պատճառով:

Նախարարը նշեց նաեւ, թե հարկային այս արտոնությունների տրամադրումը հնարավորություն կտա չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG