Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մեկնաբանի հետազոտությամբ, օրերս Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իշխող կոալիցիայի ներկայացուցիչների հետ, քանզի հանգել էր եզրակացության, որ կոալիցիայի անդամներից ոմանք չափն անցնում են իրենց կիսաընդդիմադիր կեցվածքով, եւ «ի վերջո, ժամանակն է հասկանան, որ իրենք անփոխարինելի չեն»: Ըստ «Առավոտ»-ի, նախագահը հարցը դրել է հետեւյալ կերպ. - «Կամ վերցրած պատասխանատվությանը համարժեք քայլեր եք անելու, բարեփոխումները առաջ եք տանելու, կամ՝ ասեք, որ չեք կարող եւ մի կողմ քաշվեք»: Քոչարյանը պահանջել է, որ կոալիցիայի անդամ կուսակցությունները «վերջ տան իրենց իմիջի համար տարվող խաղերին»: «Օրինաց երկիր» կուսակցությանը զգուշացվել է՝ պոպուլիզմը թողնել եւ գործով զբաղվել. - «Այն, ինչի համար դուք պոպուլիստական կուրծք եք ծեծում, դուք պիտի անեք, ումի՞ց եք պահանջում», - ընդգծել է նա: Այս առիթով պատգամավոր Շավարշ Քոչարյանը մեկնաբանին ասել է. - «Գործող նախագահի մատ թափ տալը շատ բնական է, որովհետեւ ակնհայտ է, որ կոալիցիան որպես այդպիսին չկա, կան շահեր, եւ այդ բոլորին միավորողը ինքն է... Իսկ մաֆիայի Դոնը միշտ էլ պարբերաբար կանչում ու մատ է թափ տալիս»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի առանձնացմամբ՝ ընդդիմադիրները բանակցային գործընթացի հնարավոր ակտիվացման ֆոնին գերակտիվացել են: Ըստ այդմ էլ տրվում է հետեւյալ գնահատականը. - «Ղարաբաղացավ կպած ընդդիմության ներկա վարքը այլ բան չի հուշում, քան այն, որ, այս հարցը թնբկահարելով, նա իշխանափոխության անհրաժեշտություն բեմադրելու իր թեմատիկ զինանոցն է համալրում ընդամենը»: Մյուս կողմից, «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանն այսօր ուշադրություն է հրավիրում հետեւյալին. 1999 թվականին, «Հոկտեմբերի 27»-ից 15 օր անց Ռոբերտ Քոչարյանը ասուլիսում հայտարարեց. - «Ես ստիպված եմ եղել վերցնել թայմ աուտ, քանի որ կարելի է Ղարաբաղր հարցի լուծմանը գնալ այն դեպքում, երբ եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում կա կայունություն, իշխանությունը իրեն հզոր է զգում եւ տիրապետում է իրավիճակին լրիվությամբ: Մենք, այո, կորցրել ենք այդ դեպքերի պատճառով մի քանի ամիս եւ անպայման վերադառնալու ենք այս գործընթացին»: «Այսպիսով, 1999 թվականին, փաստորեն, պատրաստ է եղել Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը... միայն հոկտեմբերի 27-ի դեպքերի պատճառով է վերջնական ակորդը մի քանի ամիս հետաձգվել», - խտացնում է մեկնաբանը: - «Եվ դրա ստորագրմանը խանգարեց «Հոկտեմբերի 27»-ը կամ «27»-ին հաջորդած ամիսներին Մեղրիի տարբերակի մասին նախկին վարչապետի ու պաշտպանության նախարարի միջոցով «սպրդած» տեղեկատվությունը, որ հնարավորություն տվեց հասարակական լայն աղմուկի ու քննարկումների միջոցով կանխել այդ տարբերակը: Այլապես, ի՞նչն է պատճառը, որ «Հոկտեմբերի 27»-ից անցել է 4 տարի, իսկ Ղարաբաղի հարցը դեռեւս լուծված չէ», - հարցնում է մեկնաբանը:

«Հայոց աշխարհ» թերթում ներկայացվող վերլուծականի համաձայն՝ մեր տարածաշրջանի թվացյալ կայունության հիմքում նկատվում է «շահերի այնպիսի սուր բախում, որ եթե առաջիկա կես, առավելագույնը մեկ տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ չարձանագրվեն առանձին գերտերությունների, մանավանդ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեջ, ապա Հարավային Կովկաս - Կասպից ծով - Միջին Ասիա տարածաշրջանների շուրջ ծավալվող պայքարի ողջ ծանրությունը կտեղափոխվի այդտեղ բնակվող փոքր ժողովուրդների ու երկրների ուսերին՝ վերածվելով բալկանյան սցենարով ընթացող գոյության անհավասար ու դաժան կռվի»: Վերլուծաբանի ընդգծմամբ, նման վտանգի հավանականությունը հրամայաբար թելադրում է ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ հայ ժողովրդին այսօրվանից մտածել հնարավոր արհավիրքներին դիմագրավելու համար անհրաժեշտ մի շարք պայմանների ապահովման մասին. - «Դրանք են՝ ներքաղաքական կյանքի արմատական առողջացումը՝ Հայաստանի ու Արցախի ճակատագրով մտահոգ իշխանամետ եւ ընդդիմադիր հայրենասիրական ուժերի համագործակցության շատ ավելի լայն դաշտի ձեւավորման միջոցով, երկրում իրականացվող կադրային, հակակոռուպցիոն ու հակամենաշնորհային քաղաքականության լուրջ վերանայումը՝ ասպարեզ բերելով նոր, ավելի գրագետ եւ քաղաքական նեղ նախապատվությունների փոխարեն համապետական կատեգորիաներով մտածող ու գործող անհատների, սոցիալ-տնտեսական քաղաքականության մեջ նշմարվող առավել աչք ծակող թերությունների ու բացթողումների հաղթահարումը, իշխանություններ - ժողովուրդ փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված հետեւողական քայլերի ձեռնարկում, որոնք հնարավոր են միայն քաղաքական ուժերին զուգահեռ ավելի լայն հասարակայնության, մանավանդ մտավորականության ներգրավման միջոցով»:

«Այն վայրերը, ուր սովորաբար տեղի են ունենում հայկական փոխադրամիջոցների լկտի թալանի դեպքերը, ամբողջությամբ վերահսկվում են Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կողմից», - նշում է այսօր «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ ակնարկելով, որ ավազակային հարձակումները, ժամանակային առումով համընկնում են հայ-վրացական հարաբերություններում նկատվող ինչ-ինչ խնդիրների առկայության հետ, նշում է. - «Երեւի Վրաստանում ոմանց թվում է, թե Ջավախքին Երեւանի միջոցով համապատասխան դիրքորոշումներ պարտադրելու լավագույն տարբերակը Հայաստանի տրանսպորտային-կոմունիկացիոն խոցելիության հերթական ցուցադրումն է»: Մեկնաբանի շեշտադրմամբ, սակայն, Վրաստանը ներկայումս այն վիճակում չէ, որպեսզի Հայաստանի հետ խոսի դիմակավոր ավտոմատավորների լեզվով. - «Ուստի ամենեւին էլ ավելորդ չէր լինի հասկացնել Վրաստանի նոր առաջնորդներին, որ եթե չհրաժարվեն Գամսախուրդիայի ու Շեւարդնաձեի ժամանակներից իրենց ժառանգություն մնացած շանտաժի նման մեթոդներից, ապա Հայաստանն իսկապես չի երաշխավորի Ջավախքի հայության լոյալ պահվածքը այդ երկրի նոր իշխանությունների հանդեպ»:

«Այբ-Ֆե»-ն այսօր վերջին անգամ է լույս տեսնում որպես օրաթերթ՝ խոստանալով եկող տարի ընթերցողներին հանդիպել շաբաթական գոնե մեկ անգամ: Մյուս կողմից, «Օրինաց երկիր» պաշտոնաթերթի կազմը այժմ հրատարակում է «Ազգային ժողով» ամսագիրը: «Դեկտեմբերի համարում հաշվեցինք Արթուր Բաղդասարյանի շուրջ մեկ տասնյակի չափ լուսանկարներ», - հատկանշում է «Առավոտ»-ը: «Ազգ» թերթն էլ նույն առիթով շեշտել է. - «Ամսագրի անդրանիկ համարը խճողված է խորհրդարանի ու կառավարության պաշտոնական դեմքերի լուսանկարներով, որոնց ժողովուրդն ամեն օր տեսնում է ու ձանձրանում։ Իհարկե, նրանց մեջ առաջին տեղը գրավում է խորհրդարանի նախագահը, որի լուսանկարը նույն համարում տպագրվել է ճիշտ 9 անգամ։ Սակայն խնդիրը հակալրագրային այդ մոտեցումը չէ, այլ՝ պատգամավորների եւ իշխանավորների մոլուցքն անընդհատ սեփական եսը ցուցադրելու... ժողովրդի ու ժողովրդավարության անունով»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG