Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանը սկսեց լսել Նաղդալյանի սպանության մեջ ամբաստանվողների բողոքը


Վերաքննիչ ատյանի զինվորական եւ քրեական գործերով դատարանը, դատավոր Արշակ Խաչատրյանի նախագահությամբ երեքշաբթի օրը սկսեց լսել Հանրային հեռուստառադիոյի խորհդրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության մեջ ամբաստանվողների բողոքը:

Անցած ամիս Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 15 տարվա ազատազրկման էր դատապարտել սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանված Արմեն Սարգսյանին (1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ներկայումս ընդդիմության առաջնորդներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կրտսեր եղբորը) եւ սպանությունը կատարելու մեջ ամբաստանված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանին: 12 տարվա ազատազրկման էր դատապարտվել Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ֆելիքս Առուստամյանը, որը վերջին պահին հրաժարվել էր կատարել սպանությունը, 11 տարվա ազատազրկման՝ սպանության նախապատրաստմանը ակտիվ մասնակցություն ունեցած Գեղամ Շահբազյանը, 7 տարի ազատազրկման՝ Հովհաննես Հարությունյանը:

Հայաստանյան ընդդիմությունը քաղաքական շարժառիթներով պայմանավորված է համարում Արմեն Սարգսյանին Նաղդալյանի սպանության մեջ մեղադրելը՝ ի թիվս այլ պատճառների փաստարկելով, թե ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Արամ Սարգսյանի եղբորը ձերբակալելու մասին հայտարարվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը նախորդող գիշերը:

Առաջին ատյանում դատավճռի հրապարակումից հետո Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը հայտարարել էր, որ դատաքննության ընթացքում մի շարք հանգամանքներ քննության առարկա այդպես էլ չդարձան, որ սպանությունը կատարողներին վերագրված մեղադրանքը անվիճելիորեն հաստատված համարել չի կարելի: Դատարանը մերժել էր Ռոբերտ Գրիգորյանի միջնորդությունը միմյանց հակսող եզրակացություններ տված դատաբժշկական փոխձագետին եւ հիվանդանոցի բժիշկներին դատարան հրավիրելու մասին:

Առաջին ատյանի դատարանի վճիռը չէր բավարարել նաեւ Տիգրան Նաղդալյանի քրոջը՝ Կարինե Նաղդալյանին, ով դատաքննության ավարտից անմիջապես հետո լրագրողներին ասել էր, թե համոզված չէ, որ Արմեն Սարգսյանն է եղբոր սպանության պատվիրատուն՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Սարգսյանը կարող էր միջնորդ լինել:

Վերաքննիչ ատյանի դատարանում այսօր սկսված դատավարությունը կփորձի տալ այս գործում անպատասխան մնացած բազմաթիվ հարցերի պատասխանները: Իսկ առաջին նիստում դատարանը այսօր բավարարեց Գեղամ Շահբազյանի եւ Ֆելիքս Առուստամյանի միջնորդությունները նոր պաշտպաններ ներգրավելու մասին:

Առուստամյանը նախ միջնորդեց, որպեսզի իր շահերի նախկին պաշտպան Զարուհի Փոստանջյանն ընդգրկվի գործում, որից հրաժարվել էր դեռ առաջին ատյանում դատաքննության ժամանակ: «Ինձ խաբել են», - հայտարարեց նա, - «Ասում էին՝ քիչ կդատենք, եթե փաստաբանից հրաժարվես, ես էլ հրաժարվեցի»:

Իրենց փաստաբանի ծառայություններից հրաժարվեցին Ջոն Հարությունյանը եւ Գեղամ Շահբազյանը: Վերջինս դատարանից ժամանակ խնդրեց նոր պաշտպան գտնելու համար, իսկ Ջոն Հարությունյանն ընդհանրապես հրաժարվեց պաշտպանական ծառայությունից:

Վերաքքնիչ դատարանը մերժեց Արմեն Սարգսյանի միջնորդությունը գործում ներգրավել երրորդ փաստաբանին՝ իր շահերի նախկին պաշտպան Հովիկ Արսենյանին, ում, Սարգսյանի խոսքերով, առաջին ատյանի դատարանը ապօրինաբար հեռացրել է դատական վարույթից:

Դատական այսօրվա նիստին եկել էին մասնակցում էին իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը եւ նույն խմբակցության անդամ Ռազմիկ Մարտիրոսյանը: Սա անսպասելի էր, քանի որ առաջին ատյանի դատարանում ամիսներ ձգված դատավարության նիստերին նրանք երբեք չէին եկել:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Ռազմիկ Մարտիրոսյանը ասաց, որ իրենք էլ կասկածներ ունեն: Ավելի զգուշավոր էր Գալուստ Սահակյանը. ասելով, թե իր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, նա, այդուհանդերձ նշեց, որ չի ուզում հավատալ, թե Արմեն Սարգսյանը, ում ընտանիքի հետ ինքը ջերմ բարեկամական հարաբերություն է պահպանում, կարող է սպանության պատվիրատու լինել: Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար անդամը «չի ուզում հավատալ, թե Արմեն Սարգսյանը կարող է սպանության պատվիրատու լինել»:

«Իմ հարազատական մոտեցումը այլ բան մտածել թույլ էլ չի տա, որովհետեւ եւ բավականին լուրջ ընկերական կապերով եմ կապված եղել Արմենի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ալուստ Սահակյանը:

Հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG