Մատչելիության հղումներ

Ավարտին են մոտենում 2004-ի բյուջեի քննարկումները


Ազգային ժողովի՝ երեկ սկսված արտահերթ նստաշրջանում ավարտին են մոտենում 2004 թվականի պետական բյուժեի քննարկումները: Երկօրյա քննարկումներից հետո Ազգային ժողովը 4 օրով ընդմիջում հայտարարեց, որի ընթացքում պատգամավորները դեռեւս կարող են առաջարկություններ ներկայացնել:

Այսօրվա քննարկումների ընթացքում բյուջեի նկատմամբ իրենց վերաբերմունքը արտահայտեցին խորհրդարանական քաղաքական ուժերը՝ բացառությամբ «Ազգային միաբանություն» խմբակցության:

«Ինչ-որ բան ասելը անիմաստ ենք համարում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց խմբակցության անդամներից Աղասի Արշակյանը՝ ավելացնելով, թե իրենց մասնակցությունը տպավորություն կստեղծեր, թե բյուջեի քննարկումներն անցնում են տարբեր կարծիքների, տեսակետերի արտահայտությամբ. - «Փաստորեն՝ բոյոտում ենք»:

Ընդդիմադիր հիմնական ուժը՝ «Արդարություն» դաշինքը հանդես եկավ սուր քննադատությամբ: «Բյուջեի նախագիծը Հայաստանում գոյություն ունեցող կլանային տնտեսական ու քաղաքական համակարգի խտացված արտահատությունն է», - հայտարարեց դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ում բնորոշմամբ, 2004 թվականի բյուջեն շարունակում է մնալ «գոյատեւման, սպառողական, իրավիճակային խնդիրների լուծմանը միտված» բյուջե:

Դալլաքյանի բերած տվյալներով, 269 միլիարդ դրամ մուտքերի մեջ գերակշիռ մասը ակնկալվում է ստանալ անուղղակի հարկերից. ավելացված արժեքի հարկից ու ակցիզային հարկից նախատեսվում է ստանալ բյուջեի մուտքերի 70 տոկոսը: Իսկ տնտեսության իրավիճակը բնորոշող շահութահարկից ու եկամտահարկից ակնկալվում է ստանալ ընդամենը 20 տոկոսը:

Իշխանամետ ուժերը համարում են, որ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, իսկ ընդդիմությունը մատնացույց է անում մանկավարժների աշխատատեղերի կրճատումը, վետերաններին որոշ արտոնություններից զրկելը, սպասվող թանկացումները:

Ընդդիմությունը այդ ամենի համար պատասխանատու է համարում Ռոբերտ Քոչարյանին եւ նրան սատարող քաղաքական ուժերին. ժողովրդի մասին էլ բազմանշան ակնարկներ անում:

«Ժողովուրդը առայժմ լռում է: Դա վտանգավոր լռություն է», - ասաց Վիկտոր Դալլաքյանը՝ ավելացնելով. - «Արդարություն» խմբակցությունը դեմ է այս բյուջեին»:

Կառավարության ներկայացրած բյուջեն, բնականաբար, պաշտպանում են իշխող կոալիցիայի ուժերը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Օրինաց երկիր»-ը, Դաշնակցությունը: Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը, օրինակ, ասաց, թե տարիներ առաջ «այս օրերին խոսվում էր սեկվեստրի, բյուջեն չկատարելու մասին», իսկ այսօր այդպիսի խոսակցություններ չկան:


ՀՅԴ խորհդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի բերած թվերով, բյուջեի 33 տոկոսը հատկացվում է սոցիալական, մշակութային ոլորտներին՝ նախորդ տարիների համամետ աննախադեպ ցուցանիշ, կրթության բնագավառին հատկացվում է 39 միլիարդ դրամ՝ 7,5 միլիարդով ավելի, քան 2003-ին:

Ասյօրվա նիստում վերջին ընթերցմամբ ընդունվեց «Զանգվածային լրատվության մասին»՝ 2 տարի մշակվող օրենքը: Ազգային ժողովը նաեւ վավերացրեց Հայաստանի եւ Հունաստանի զինված ուժերի միջեւ ստորագրված հուշագիրը, ըստ որի հայական խաղաղապահ դասակը, Հունաստանի խաղաղապահների կազմում կարող է մասնակցել Կոսովոյի խաղարարար գործողություններին: Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի խոսքերով, Հայաստանի խաղաղապահները Կոսովոյում կլինեն արդեն գալիք հունվարին:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG