Մատչելիության հղումներ

«ԱրմենՏել»-ը հաստատակամ է հեռախոսավարձը բարձրացնելու հարցում


Հակառակ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների պնդումների, թե Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ վայելող «ԱրմենՏել» ընկերությունը չի կարող բարձրացնել սակագները, «Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն բաժանորդներից չեն ընդունում հունվար ամսվա կանխավճարը, ինչը վկայում է, որ «ԱրմենՏել»-ը հաստատակամ է տնօրենների խորհրդի որոշումը ի կատար ածելու հարցում:

«ԱրմենՏել»-ի տնօրենների խորհուրդը հոկտեմբերի 21-ին որոշում էր կայացրել, որ 2004 թվականի հունվարի 1-ից թվային կայանների բաժանորդներից 1 րոպե տեղական զանգի դիմաց կգանձվի 8 դրամ (ներկայիս 4 դրամի փոխարիեն), մեկ ամսվա ընթացքում աբոնենտային վճարի դիմաց տրամադրվող 360 րոպեն կկրճատվի մինչեւ 120 րոպե, իսկ դեկտեմբերի 1-ից կդադարեցվի կանխավճարների գանձումը (կանխավճարը թույլ էր տալիս 3600 դրամ մուծելու դեպքում ամբողջ ամիսը անսահմանափակ կերպով օգտվել հեռախոսակապից):

«Հայփոստ»-ի բաժանմունքներում արդեն հրաժարվում են բնակչությունից հաջորդ ամսվա հեռախոսային խոսակցության համար կանխավճար գանձել՝ վկայակոչելով «Հայփոստ»-ի տնօրեն Վրույր Առաքելյանի՝ դեկտեմբերի 3-ին ստորագրած հետեւյալ հրամանը. - «Համաձայն «ԱրմենՏել»-ի 2003 թվականի նոյեմբերի 24-ի գրության, սույն թվականի դեկտեմբերի 1-ից դադարեցնել տեղական խոսակցությունների հաստատագրված վճարների գանձումները բոլոր բաժանորդներից»:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, մինչդեռ, շարունակ պնդում էր, որ «Հայփոստ»-ը չի կարող բնակչությունից կանխավճարները չգանձել, որովհետեւ կապի եւ տրանսպորտի նախարարության տնօրինության տակ է եւ պետք է ենթարկվի նախարարի հրահանգներին: Նոյեմբերի վերջին հրավիրած ասուլիսում նախարարը ասել էր նաեւ, թե հանձնարարական է տալու «Հայփոստ»-ի տնօրենին՝ չենթարկվել «ԱրմենՏել»-ի որոշմանը եւ գանձել կանխավճարները:

Անդրանիկ Մանուկյանը, որ այս օրերին մասնակցում է Ժնեւում անցկացվող տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին, «Ազատություն» ռադիոկայանի՝ կանխավճարների չվերցնելուն վերաբերող հարցին ի պատասխան, հեռախոսով ասաց. - «Չեն վերցնում՝ կգամ «Հայփոստ»-ի պետին կազատեմ աշխատանքից»:

«Ես նրան հանձնարարել եմ, որ կանխավճարները ստանա», - ավելացրեց նախարարը՝ խոստանալով վերադառնալուն պես ճշտել հարցը:

Նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Անդրանիկ Մանուկյանը պնդում էր, որ «ԱրմենՏել»-ը չի կարող սակագին բարձրացնել, քանի որ ձեռնարկությունը անօրինական որոշում է կայացրել, տնտեսական որեւէ հիմնավորում չի ներկայացրել նախարարությանը:

«ԱրմենՏել»-ը, սակայն, հակադարձում է, թե իրենք ոչ թե սակագին են բարձրացնում, այլ կիրառում են Հայաստանի կառավարության կողմից տրված թիվ 60 լիցեզիայով սահմանված նախնական սակագինը:

«ԱրմենՏել»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Վասիլակիսի մամուլի հարցերով խորհրդական Գոհար Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ընկերության տնօրենների խորհրդի որոշումը չեղյալ կարող է հայտարարվել միայն նույն խորհրդի նոր որոշմամբ:

Նշված ասուլիսում Մանուկյանը ասել, թե «ԱրմենՏել»-ի կողմից օրենքի խախտմամբ սակագնի բարձրացմանը դիմելու դեպքում, կառավարությունը կդիմի դատարան: Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հաստատեց դա՝ ավելացնելով, որ հայցն արդեն պատրաստ է եւ իր Հայաստան հասնելուց անմիջապես հետո կդիմեն դատարան՝ «ԱրմենՏել»-ից հերքում պահանջելով սակագների բարձրացման առնչությամբ արված հայտարարության վերաբերյալ:

Անդրանիկ Մանուկյանը Ժնեւից Երեւան կվերադառնա այսօր երեկոյան:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG