Մատչելիության հղումներ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի բացառվում


Հայաստանում արտադրվող էլետրաէներգիայի շուրջ 40 տոկոսը ապահովող Մեծամորի ատոմակայանը հայտ է ներկայացրել Հայաստանի բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովին՝ արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը վերանայելու խնդրանքով:

Հայտում հիմնավորումներ են ներկայացվում ներկայումս գործող մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի ինքնարժեքի 7 դրամ սակագինը դարձնել 12 դրամ 84 լումա, այսինքն՝ թանկացնել 83 տոկոսով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մեծամորի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, հաստատելով, որ նման հայտ իրենք ներկայացրել են, ասաց. - «Բայց ոչ մանրածախ վաճառքի գնի: Մանրածախ գինը որոշում է այն հանձնաժողովը [բնական մենաշնորհները կարգավորող]... Մենք ներկայացրել ենք ատոմային կայանի [արտադրած էլեկտրաէներգիայի] ինքնարժեքի փոփոխություն: Մենք չենք ներկայացրել հայտ, որ փոխենք մանրածախ վաճառքի գինը»:

Իսկ հարցին, թե արդյոք նման բարձրացումը չի հանգեցնի մանրածախ, առանց այդ էլ բարձր՝ 25 դրամ, սակագնի բարձրացմանը, Մարկոսյանը պատասխանեց, թե դա ոչ թե իր, այլ բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովի իրավասությունն է:

Մարկոսյանը հերքեց, թե հայտի ներկայացումը որեւէ կերպ կապված է Մեծամորի ատոմակայանի նոր՝ ռուսաստանյան կառավարչի հետ: «Ուղղակի կապ չունի», - այդուհանդերձ ավելացրեց նա: - «Այնքանով կապ ունի, որ, առաջին հերթին, վառելիքի թանկացում է ակնկալվում, գումարած, որ պետք է անվտանգության միջոցները ավելի ակտիվ ներդնենք: Երրորդը, որ մենք հունվարի 1-ից պետք է մեր հարկային պարտավորությունները հստակ արդեն կատարենք»:

Ատոմակայանի ֆինանսական կառավարումը տրվել է ռուսաստանյան ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը՝ միջուկային վառելիքի ռուսաստանյան մատակարարին ունեցած 40 միլիոն դոլար պարտքի դիմաց: Ռուսաստանյան ընկերությունը պարտավորվել էր լուծել վառելիքի պարտքերի եւ ապագա մատակարարման խնդիրները:

Ատոմակայանի հայտի բավարարման դեպքում մանրածախ սակագինը կարող է եւ մնալ նույնը, թեեւ չի բացառվում, անշուշտ, նաեւ դրա բարձրացումը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը անցած շաբաթ Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ էլեկտրաէներգիայի սակագները չեն փոխվելու:

Բնական մենաշնորհները կարգավորող հանձնաժողովը հայտեր է ստացել նաեւ ջրի եւ գազի սակագների բարձրացման հիմնավորումներով:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG