Մատչելիության հղումներ

Ժնեւում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպումը


Չորեքշաբթի օրը պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւը հինգշաբթի օրը առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

Երկու նախագահների հանդիպումը հետեւում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահների տարածաշրջանային այցին: Ընդամենը մի քանի օր առաջ՝ անցած շաբաթավերջին միջազգային միջնորդները այցելեցին Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ՝ կողմերին առաջարկելով քննարկել հակամարտության լուծման իրենց չհրապարակված «նոր գաղափարները»:

Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, թե վաղաժամ են համարում հրապարակել իրենց առաջարկությունները, քանի դեռ դրանք չեն քննարկվել հակամարտող երկրների նախագահների կողմից ու չեն ձեւավորվել կողմերի դիրքորոշումները:

«Ազատություն» ռադիոկայանին տեղեկացնելով Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման մասին, Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը ասաց, թե երկու նախագահները քննարկելու են ղարաբաղյան խաղաղ բանակցությունները աշխուժացնելու հնարավորությունները: Նախագահի խոսնակը վաղվա բանակցությունները չկապեց միջնորդների նոր ավարտված տարածաշրջանային այցի հետ:

Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը Ժնեւում մասնակցում են այսօր բացված տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին, որի լիագումար նիստում նախատեսված է նաեւ Հայաստանի նախագահի ելույթը:

Այսօր ավելի վաղ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հաղորդել էր, թե ամերիկացի, ռուսաստանցի եւ ֆրանսիացի միջնորդները նույնպես Ժնեւեւմ են: Աշոտ Քոչարյանը հրաժարվեց հերքել կամ հաստատել դա:

Անցած շաբաթ օրը Երեւանում միջազգային միջնորդները ասել էին, որ նոր գաղափարների հիմքում Մինսկի խմբի տասնամյա գործունեության ընթացքում բանակցությունների սեղանին դրված առաջարկությունների մոտեցումներն են՝ որոշակի փոփոխություններով:

Ադրբեջանի նախկին նախագահի, ներկայիս նախագահի հոր՝ Հեյդար Ալիեւի հետ Ռոբերտ Քոչարյանը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել 1999-2002 թվականներին: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG