Մատչելիության հղումներ

Միջնորդները վաղաժամ են համարում իրենց առաջարկները հրապարակելը


Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միջնորդները՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահները վաղաժամ են համարում հրապարակել իրենց առաջարկությունները, քանի դեռ դրանք չեն քննարկվել հակամարտող երկրների նախագահների կողմից ու չեն ձեւավորվել կողմերի դիրքորոշումները:

Բանակցային գործընթացը սառեցվել են գրեթե մեկ տարի՝ Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացման հետ կապված, եւ ահա ընտրությունների ավարտին համանախագահները իրենց հերթական տարածաշրջանային այցը սկսել էին Բաքվից, ուր երեկ հանդիպել էին Ադրբեջանի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Շաբաթ օրը Հայաստանի նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո համանախագահները՝ ռուսաստանցի Յուրի Մերզլյակովը, ֆրանսիացի Անրի Ժակոլենը եւ ամերիկացի Ռուդոլֆ Փերինան լրագրողներին փոխանցեցին, որ հակամարտության կարգավորման ուղղությամբ նոր գաղափարներ, անշուշտ, կան, բայց դրանց մասին վաղաժամ է խոսել, քանի դեռ դրանք չեն քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինայի փոխանցմամբ, ինչպես Իլհամ Ալիեւը, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանը համաձայնել են հնարավորիս շուտ հանդիպել: Հանդիպման կոնկրետ ժամկետները դեռեւս հայտնի չեն:

Միջազգային միջնորդները նշեցին, որ նոր գաղափարների հիմքում Մինսկի խմբի տասնամյա գործունեության ընթացքում բանակցությունների սեղանին եղած առաջարկություններում եղած մոտեցումներն են՝ որոշակի փոփոխություններով:

Համանախագահներից Յուրի Մերզլյակովը, պատասախանելով հարցին, թե առաջարկվողը փուլայի՞ն, թե՞ փաթեթային լուծում է, ասաց, թե իրենց ներկա այցի նպատակներից մեկը հենց այդ շտամպից խուսափելն է, եւ նոր առաջարկը կլինի հավանաբար, փուլայինի եւ փաթեթայինի համադրումը:

Բաքվում, ըստ «Ֆրանս Պրես» գործակալության, Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը գործածել է Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներ» արտահայտությունը, ինչը «Ֆրանս Պրես»-ի ենթադրությամբ, Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն կարող է նշանակել: Դեսպան Մերզլյակովը այսօր ասաց, թե դա նոր հայտարարություն չէ, եւ դիրքորոշման որեւէ փոփոխություն է տեղի ունեցել:

Մերզլյակովը նաեւ հերքեց լրատվամիջոցների պնդումները, թե այս այցի ընթացքում առաջին անգամ համանախագահները հանդիպումներ ունեցան երկու երկրների պաշտպանության նախարարների հետ՝ ասելով, թե բոլոր այցերի ժամանակ, եթե հնարավոր է եղել, իրենք հանդիպել են տվյալ երկրի արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ:

Վաղը՝ դեկտեմբերի 7-ի առավոտյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ եւ նույն օրը երեկոյան կվերադառնան Երեւան:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG