Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ» թերթի մատուցումներով՝ վերադառնում է Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման փուլային տարբերակը, եւ Հայաստանի իշխանությունը՝ որպես բանակցությունները տապալելու ամենահեշտ տարբերակ, մտադիր է անընդհատ առաջարկները մերժել՝ վկայակոչելով ժողովրդին: «Առավոտ»-ում այսօր շեշտադրվում է եւ հետեւյալը. - «Առնվազն վերջին տասը տարիների կտրվածքով դժվար է մտաբերել դեպքեր, երբ ՄԱԿ-ի ու առավել եւս՝ հակամարտության միջնորդ ինստիտուտի դեր ստանձնած ԵԱՀԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտորեն օգտագործել են «օկուպացված ադրբեջանական տարածքներ» արտահայտությունը»: «Արդյոք պատահակա՞ն է, որ նման արտահայտություններ հնչեցին օրերս՝ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի շեմին», - հարց է դնում «Առավոտ» -ի մեկնաբանը: - «Պարզ է մի բան. պաշտոնական Երեւանի դիվանագիտական հոգսերին այսուհետ ավելանալու է եւս մեկը՝ ապացուցել աշխարհին, որ Ղարաբաղում թմրատարանցում կամ միջազգային ահաբեկիչներ չկան»: «Հայկական ժամանակ» թերթն էլ, իր հերթին, մատնանշում է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ Բաքվում գտնվող՝ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Տրուբնիկովը հայտարարել է, որ Հայաստանը ադրբեջանական տարածքներ է օկուպացրել... Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման իմաստով Ռուսաստանի քաղաքականությունը առաջիկայում կփոխվի, քանի որ նախկինում որեւէ ռուս բարձրաստիճան պաշտոնյա այդպիսի հայտարարություն չի արել»:

«Չեմ կարծում, թե առանձնակի նորություններ կարելի է ակնկալել համանախագահների այցից», - «Հայոց աշխարհ» թերթում ասում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: - «Բացասական եմ համարում, որ այս համատեքստում փորձ է արվում խնդրի կարգավորման փաթեթային եւ փուլային տարբերակների կողմնակիցների նոր ճամբարներ ձեւավորել»: «Անշուշտ, չի բացառվում, որ ԵԱՀԿ կողմից ներկայացվեն այնպիսի առաջարկներ, որոնք կենթադրեն նոր դիվանագիտական լուծումների անհրաժեշտություն: Սակայն ժամանակից առաջ ընկնելը եւ անհիմն ենթադրություններ անելը ճիշտ չէ», - նշում է Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: «Օրինաց երկիր» խմբակցությունից Մհեր Շահգելդյանի կարծիքով էլ՝ «կարող են ներկայացվել հակամարտության կարգավորման ինչ-որ նոր նրբերանգներ, որոնց մենք պիտի պատրաստ լինենք»: «Սակայն շատ քիչ հավանական է, որ առաջ քաշվի այնպիսի առաջարկ, որը ալեկոծի Հայաստանի կամ Ադրբեջանի քաղաքական դաշտը», - ավելացնում է Շահգելդյանը: «Ղարաբաղի հակամարտության կարգավորման առաջարկությունները սովորաբար բխում են ոչ միայն տարածաշրջանային շահերից, այլեւ հակամարտության կողմերի ունեցած կշռից», - շեշտում է Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանը՝ այդ ելակետից գնահատելով. - «Վերջին ընտրությունների խորապատկերի վրա ցանկացած այլ առաջարկություն ավելի վատն է լինելու, քան նախորդը»: «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում էլ նա մասնավորապես ասում է. - «Լսելով Քոչարյանի՝ վերջին հարցազրույցում արած արտահայտությունները՝ մի քիչ մանկական, մի քիչ տղայական, համոզվում ես, որ դրանք բացարձակապես քաղաքական մակարդակ չունեցող մարդու խոսքեր են»: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով հանրաքվեին՝ «իշխանությունները ինչ հարց էլ դնեն հանրաքվեի՝ կեղծելու են հօգուտ իրենց». - «Բայց դրանից հետո Հայաստանն ընկնելու է շատ բարդ կացության մեջ, քանզի այլ բան է, երբ նախագահը որոշում է ընդունում, որի հետ ժողովուրդը կարող է համաձայն չլինել, այլ բան է, երբ շառը գցում են ժողովրդի վրա: Դրանից հետո դա դառնում է մի լուծում, որը գրեթե անհնարին է լինելու հետագայում փոխել»:

«Հայկական ժամանակ»-ի առաջին էջին այսօր, որպես խիստ արդիական, Վազգեն Սարգսյանի 1999 թվականի սեպտեմբերի մի հարցազրույցից հետեւյալ մեջբերված զգուշացումն է. - «Երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա... Մեղրին ավելի կարեւոր է, քան ցանկացած այլ բան: Մեղրին իր քար ու քռայով այս երկիրը դարձնում է աշխարհի հզորներին իր դուռը բերող: Եվ այսօր տալ Մեղրին, թեկուզ դիմացը ծովի ճանապարհ ստանալը, սուտ է... Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր էլ պայթելու է Երեւանի կենտրոնում»: Մյուս կողմից, Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեր երկրի առաջնահերթությունները «Այբ-Ֆե» թերթում ներկայացնում է այսպես. - «Անկախ նրանից, Մեղրիի հարցը կամ Ղարաբաղի հարցը ինչպես կլուծվի, մենք ունենք հարցեր, որոնք այսօր մեր երկրի ճակատագրի համար ունեն շատ ավելի մեծ նշանակություն... Ես համոզված եմ, որ Մեղրիի հարց չի լինելու, բայց ես համոզված չեմ, որ երբ Մեղրիի հարցը մի կողմ ենք դնում, անգամ Ղարաբաղի հարցը հենց վաղը լուծվում է, եւ որ հարակից շրջանները Հայաստանին միացնեն, դրանով մեր ապագան ապահովված կլինի: Մեր ապագան առաջին հերթին մեր երկրի, մեր քաղաքական առողջ կյանքի ապահովմամբ հնարավոր կլինի ապահովել: Մենք բազմաթիվ հիմնախնդիրներ ունենք. դրանք են, որ պետք է հուզեն քաղաքական ուժերին, ոչ թե մակերեսի վրա գտնվող ինչ-որ մի հարց. ասենք Մեղրիի հարցը անընդհատ ծեծեն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG