Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Պատասխանատվության ճգնաժամ». այս որակման շրջանակում «Առավոտ» թերթն այսօր առաջին էջին խտացրել է. - «Օրինաց երկիրը» եւ ՀՅԴ-ն երեկ տապալեցին 2002-ին կառավարության իրականացրած մասնավորեցման ծրագրի կատարման հաշվետվության ընդունումը: Այդ ծրագիրը հաստատել էր Ռոբերտ Քոչարյանը: «Առավոտի» դիտարկմանը, թե ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը փաստորեն իրենց պաշտպանած նախագահի քայլերի համար եւս չեն ցանկանում պատասխանատվություն կրել՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արձագանքել է. «Բայց դա ցույց տվեց նաեւ մինչեւ ընտրություններն իրենց վարած քաղաքականությունը, երբ քննադատում էին շատ քայլեր, որոնք կատարում էր կառավարությունը եւ հաստատում նախագահը»: Այս իրավիճակին ուշադրություն է սեւեռում եւ «Հայկական ժամանակ» թերթը: «ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիր»-ը ընդդեմ գործադիրի» վերնագրի տակ բերված է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արձագանքը, թե՝ տեղի ունեցածը քաղաքական աբսուրդ է, որը որեւէ իրավական հետեւանք ունենալ չի կարող: Բերված են նաեւ վարչապետ Մարգարյանի անվրդով մեկնաբանությունները: Ընդհանուր պատկերը, սակայն, ըստ թերթի, իշխանական կառույցի միասնականության մասին բնավ չի խոսում:

Անդրադառնալով նախագահ Քոչարյանի վերջին հեռուստահարցազրույցին, «Այբ-Ֆե» թերթի մեկնաբանը գրում է. - «Կարելի է ասել, Ռոբերտ Քոչարյանը սպառնաց թե' ընդդիմադիր գործիչներին, թե' բնակչությանը... Դժվար է պատկերացնել, որ նա մոռացել է ընտրություններից հետո զարգվածային, պարբերաբար, տասնյակ հազարավոր մարդկանց ցույցերը, բայց պարզվում է՝ Քոչարյանի համար դա բավարար չէ: Ըստ նրա՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանում կասկածներ չեն առաջացել»: Իսկ երեկ էլ վարչապետ Մարգարյանը ձեւակերպեց, թե «ընտրակեղծիքները ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա, եւ այսօր պարզապես շահարկվում են», - համադրում է մեկնաբանը:

«Եթե վստահության հանրաքվեն փետրվարին հանկարծ իրականություն դառնա եւ ժողովուրդը վստահության քվե չտա Ռոբերտ Քոչարյանին, որտե՞ղ կլինի Դաշնակցությունը». - «Առավոտ» թերթի այս հարցին Ազգային ժողովի փոխնախագահ, Դաշնակցության բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. - «Օրենքի կողմը։ Եթե հանրաքվեն կազմակերպվի օրենքի շրջանակում, եթե այդ հանրաքվեի մասին որոշում կայացվի եւ այն անցկացվի պաշտոնական կերպով, հանրաքվեի արդյունքները լինեն ընդդիմությանը բավարարող, մեզ համար կարեւորը կլինի այն, որ այդ արդյունքը օրինական է»։ Ինչ վերաբերում է իր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի շարունակական հեռակա բանավեճին, Վահան Հովհաննիսյանը այսօր ուրվագծում է. - «Գեղամյանը փորձում է ինչ-որ դիվիդենդներ քաղել եւ ինքնահռչակ, այսպես կոչված, ռադիկալ օպոզիցիայի լիդեր դառնալ։ Իսկ իր հարվածի սլաքը ուղղեց Դաշնակցության դեմ, երեւի հասկանալով, որ պետք է ինչ-որ քաղաքական պլատֆորմ ունենալ։ Ու քանի որ ինքը հիմք չունի, փորձում է վերականգնել Տեր-Պետրոսյանի որոշ գաղափարներ»: ՀՅԴ բյուրոյի անդամը նաեւ հայտարարում է. - «Չեմ ամաչում իմ բանտ նստելուց եւ չեմ էլ վախենում կրկին բանտ նստել»։

«Հայոց աշխարհ» թերթը այսօր ներկայացնում է. - «Ցմահ ազատազրկվածի երկրային կացարանը ընդամենը 6 մետր երկարությամբ, 5՝ լայնությամբ, 3 մետր բարձր առաստաղով, անշուք բանտախուց է, որի միակ «ճոխությունը» հեռուստացույցն է: Առաջիկայում թերեւս հնարավորություն կտրվի ունենալ նաեւ համակարգիչ»: 1 դատապարտյալ պահելու համար պետությունը օրական ծախսում է մոտ 1000 դրամ: Ցմահ դատապարտյալներն օրական առնվազն 1 ժամ բաց երկնքի տակ զբոսանքի իրավունք ունեն... Ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ, մինչեւ 30 րոպե թույլ է տրվում օգտվել հեռախոսակապից: Ունեն նամակագրության իրավունք՝ առանց գրաքննության: Յուրաքանչյուր դատապարտյալ մեկ ամսվա ընթացքում մինչեւ 75 կիլոգրամ հանձնուք ստանալու իրավունք ունի: Երեք ամիսը մեկ նրանց մինչեւ 3 ժամ տեւողությամբ տեսակցություն է տրվում: Տրվում են նաեւ սեղանի խաղեր, թերթեր եւ այլն: «Նման խցում է անցկացնելու կյանքը Նաիրի Հունանյանը», - մասնավորեցնում է «Հայոց աշխարհ»-ը:

«Առավոտ» թերթը այսօր ուշադրություն է հրավիրել հետեւյալին. - «Ընդդիմությունը, հավանաբար, համոզված է, որ Քոչարյանը Հայաստանը ղեկավարելու է առնվազն եւս 20 տարի: Հակառակ դեպքում, ինչո՞ւ պիտի անհանգստանային, որ 20 տարի անց ահաբեկիչների դիմումը նախագահին՝ վերանայել իրենց դատավճիռը, պիտի բավարարվի: Եթե երաշխիքները, ըստ ընդդիմադիրների, Հունանյանին տվել է անձամբ Քոչարյանը, ապա 20 տարի անց հենց նա էլ պետք է դրանք կատարի: Բայց, Սահմանադրության համաձայն, 4 տարի հետո մենք կունենանք 3-րդ նախագահը, իսկ 20 տարի անց՝ 5-րդ կամ 6-րդ նախագահները»:

Օրերս Արցախյան հարցով խորհրդարանում տեղի ունեցած փակ նիստի արձանագրությունները հայտնվեցին մամուլում: Դրա հետ կապված Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) «Հայոց աշխարհ»-ի թղթակցին ասել է. - «Այսպիսի կեցվածքով Արցախի հիմնախնդրի լուծմանը օգուտ չի բերվում։ Ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում այն մարդիկ, ովքեր հաճախ շահարկում են վարվող բանակցությունների գաղտնի արդյունքները գաղտնի պահելու հանգամանքը, սակայն երբ որոշակի գաղտնազերծում է լինում, անմիջապես տհաճ իրավիճակներ են ստեղծում։ Այսպիսի դրսեւորումները նաեւ մղում են խուսափել փակ լսումներից»։ Ինչո՞ւ ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, լինելով Բաքվում ու Թբիլիսիում, շրջանցում է Հայաստանը: Ըստ «Հայկական ժամանակ» թերթի՝ այդ հարցի պատասխանը կարող է տալ Ադրբեջանի նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի` նախօրեին արած հայտարարությունը, որով նա, Ռամսֆելդի այցելությունը Վրաստան եւ Ադրբեջան, գնահատել է իբրեւ այդ երկրներին քաղաքական աջակցություն ցուցաբերելու ակցիա: «Այսօր Ռուսաստանը շատ է ակտիվացել Վրաստանում եւ Ադրբեջանում ու ցանկանում է, որ այդ երկրները լինեն նույնքան հնազանդ, որքան Հայաստանը` ռուսական ռազմական բազաներով եւ Մոսկվայից նշանակված ղեկավարությամբ», - հակադրել է վերջինս: Ընդհանուր առմամբ, մամուլի այսօրվա հրապարակումներն էլ նախանշում են ԱՄՆ - Ռուսաստան՝ վերջին տարիներին աննախադեպ թեժ բախում Վրաստանում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG