Մատչելիության հղումներ

Ամենամեծ նվիրատուն կրկին Միացյալ Նահանգների հայ գաղութն է


«Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ երեկ անցկացրած հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակված գումարը գրեթե մեկ միլիոն դոլարով ավելի է, քան անցած տարի հանգանակվածը: Ավելի քան 6 միլիոն դոլարից շուրջ 4 միլիոնը նվիրաբերել է Միացյալ Նահանգների հայությունը:

Հանգանակված միջոցները կրկին ուղղվելու են Լեռնային Ղարաբաղում «Հյուսիս - հարավ» ռազմավարական նշանակություն ունեցող ավտոմայրուղու շինարարությանը: 2000 թվականին սկսված 170 կիլոմետր երկարությամբ ճանապարհի շինարարությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շուրջ 15 միլիոն դոլար:

Նախորդ տարվա դրամահավաքի արդյունքը (5 միլիոն դոլարից քիչ ավելի) գերազանցվել է շուրջ 20 տոկոսով: Փոփոխություն կա խոշոր նվիրատվությունների շարքում. եթե Լուիզ Սիմոն Մանուկյանը կրկին «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերել է մեկ միլիոն դոլար, ապա անցած տարի նույնքան գումար տված Հրայր Հովնանյանից այս տարի ոչինչ չկա: Այդքան գումար նվիրաբերել է ամերիկահայ մեկ այլ մեծահարուստ՝ Ալբեր Բոյաջյանը՝ կրկնապատկելով անցած տարի տված իր գումարը: Կես միլիոն դոլար է նվիրաբերելու նաեւ Ջերալդ Գաֆեսջյանը:

Խոշոր նվիրատուների շարքում է Համաշխարհային հայկական կազմակերպության նախագահ, ռուսաստանաբնակ մեծահարուստ Արա Աբրահամյանը: Նա տրամադրել է 200 հազար դոլար:

Ավելացել են նաեւ Ֆրանսիայում անցկացված հեռախոսամարաթոնից ստացված գումարները՝ 9 տոկոսով (ընդհանուր առմամբ՝ 900 հազար դոլար): Այս տարի հեռախոսամարաթոնին մասնակցել են նաեւ մի շարք այլ եվրոպական երկրներ՝ Գերմանիան, Հոլանդիան, Շվեյցարիան: Անակնկալ էր պորտուգալահայ փոքրաթիվ հայ համայնքի մասնակցությունը (1000 եվրո):

Կրկին ցածր է Հարավային Ամերիկայի երկրների մասնակցությունը: Ամենամեծ հայ համայնքն ունեցող Արգենտինայից այս տարի նվիրատվություներ չկան, Բրազիլիայից հավաքվել է ընդամենը 10 հազար դոլար:

Տարեցտարի աճում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը: Անցյալ տարի հավաքվել էր 230 հազար դոլար, այս տարի՝ 720 հազար դոլար, որից 80 հազարը Լեռնային Ղարաբաղից:
Այստեղ ամենախոշոր նվիրատուն Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 50 միլիոն դրամ (95 հազար դոլար):

Ավելացել են նաեւ հայաստանցի գործարարների հատկացումները: 15 հազարական դոլար են նվիրաբերել Հրանտ Վարդանյաը, Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Խաչատուր Սուքիասյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Գրանդ-հոլդինգ»-ի ղեկավար Հրանտ Վարդանյանը հավաստիացրեց, որ «Հայաստանի» հիմնադրամի ղեկավարները կամ երկրի բարձրաստիճան պաշտոնյաները գործարարներին հատուկ չեն դիմել, չեն հորդորել եւ առավել եւս՝ չեն պարտադրել:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG