Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարությունը վերագրանցում է «Հանրապետություն» կուսակցությունը


Արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը վերագրանցեց արմատական ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունը: «Հանրապետություն»-ը դարձավ «Կուսակցությունների մասին» նոր օրենքի համաձայն վերագրանցված 42-րդ քաղաքական կուսակցությունը:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը, դեռեւս մինչեւ կուսակցության վերագրանցման լուրն առնելը որեւէ մտավախություն չուներ: «Նոր օրինական իշխանությունների պարագայում ամեն ինչ պետք է նորից վերանայվի: Իսկ ինչ վերաբերում է իրավիճակին, որ առաջացել է՝ սա նոր երեւույթ չէ: Պատգամավորների բազմաթիվ թեկնածուներ չգրանցվեցին՝ ունենալով գրանցվելու համար անհրաժեշտ բոլոր հիմքերը: Ռոբերտ Քոչարյանը, իրավունք չունենալով գրանցվել եւ առաջադրվել երկրի նախագահ, երկու անգամ գրանցվեց եւ առաջադրվեց», - ուրբաթ օրը հայտարարեց Բազեյանը:

Նոր օրենքը որոշակիորեն խստացրել է քաղաքական կուսակցություններին ներկայացվող պահանջները: Այն, ըստ էության, կուսակցությունների խոշորացում եւ դրանց ակտիվ գործունեություն է ենթադրում. պահանջվում է, որ կուսակցությունը ունենա առնվազն 200 անդամ, սկզբնական կազմակերպություններ՝ Երեւանում ու մարզերի առնվազն մեկ երրորդում եւ այլն: Հայաստանում գործող 116 կուսակցություններից միայն 59-ն էր ներկայացրել վերագրանցման համար պահանջվող փաստաթղթերը:

Այսօրվա դրությամբ, արդարադատության նախարարությունը մերժել է 6 կուսակցությունների, այդ թվում՝ «Արդարություն» դաշինքի մաս կազմող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վերագրանցումը: Կուսակցության եւ «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչները դա համարում են քաղաքական դրդապատճառներով պայմանավորված որոշում:

Անցած ուրբաթ օրը «Արդարություն» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. - «Մենք դիտարկում ենք այդ մերժումը որպես քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր կուսակցության նկատմամբ, ինչպես նաեւ՝ «Արդարություն» դաշինքի հանդեպ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական քաղաքականության արդյունք»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG