Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանը պատրաստվում է դադարեցնել հեռարձակումը եվրոպական 7 լեզուներով


Պրահա, 28-ը նոյեմբերի, 2003. - Ինչպես ուրբաթ օրը «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի աշխատակազմին հայտարարեց ռադիոկայանի նախագահ Թոմաս Դայնը, «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանը պատրաստվում է մինչեւ տարեվերջ դադարեցնել հեռարձակումը 7 լեզուներով՝ Կենտրոնական եւ Հարավարեւելյան Եվրոպայում երկրների համար:

Սպիտակ Տան կողմից ներկայացված ու ռադիոկայանի ղեկավար մարմնի հավանությանն արժանացած բյուջեի հիման վրա 2003 թվականի դեկտեմբերի 31-ից կդադարեցվի ազգային լեզուներով հեռարձակումը դեպի Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Սլովակիա, Ռումինիա, Բուլղարիա եւ Խորվաթիա:

«Վերջին վեց տարիների ընթացքում «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանը արագ տեմպերով ընդլայնել է գործունեությունը Եվրասիայում եւ Հարավարեւմտյան Ասիայում: Այժմ ժամանակն է լիովին կենտրոնանալ այդ խիստ բարդ տարածքների վրա»:

Դայնի խոսքերով, «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի առաջնահերթ մտահոգությունը ներկայումս հնարավորության սահմաններում օգնել է այն մարդկանց, ում վրա անդրադառնում է հեռարձակման դադարեցումը: Կրճատվելու է հարյուրից ավելի աշխատատեղ «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանի Պրահայի Հեռարձակման կենտրոնում եւ Տալլինում, Ռիգայում, Վիլնյուսում, Բրատիսլավայում, Բուխարեստում, Սոֆիայում եւ Զագրեբում գործող լրատվական բյուրոներում: «Շատ ցավալի է, որ մենք ստիպված ենք հրաժեշտ տալ բարձր պրոֆեսիոնալիզմի տեր, նվիրված ու բարձր արդյունավետությամբ աշխատող մեր գործընկերներին, որոնց պատրաստած ծրագրերը լսում էին ռեկորդային թվաքանակով ունկնդիրներ»:

Այս տարվա փետրվարին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը 2004 թվականի ֆիսկալ տարվա բյուջեում առաջարկել էր դադարեցնել հեռարձակումը դեպի այն երկրները, որոնք պատրաստվում են անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Եվրամիությանը: Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովները այս շաբաթ հավանություն են տվել համաձայնեցված զեկույցին, ըստ որի լրացուցիչ գումարներ չեն հատկացվում այդ յոթ ազգային ծառայություններին:

«Առանց լրացուցիչ միջոցների այլ բան չի մնում, քան փակել այդ ծառայությունները՝ հաշվի առնելով աշխարհի այլ մասերում առկա առաջնահերթությունները», - ասաց Դայնը: «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանը հեռարձակվում է շաբաթական ավելի քան 1100 ժամ 34 լեզուներով, որոնցից 19-ով՝ դեպի հիմնականում մահմեդականներով բնակեցված վայրերը: Եվրոպայում հեռարձակումը կշարունակվի դեպի Սերբիա, Կոսովո, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Մոլդովա եւ Ուկրաինա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG