Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երեկվա փակ լսումները մամուլում այսօր բացվում են «Օսկանյանի քունը չի տանում» հեգնանքի շրջանակում: Քննարկմանը ներկա պատգամավորներից մեկը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է. - «Քոչարյանի համար այսօր նախընտրելի տարբերակը Ղարաբաղի հարցի լուծումը երկարաձգելն է: Նրանք, ինչպես արդեն դրա մասին ակնարկեց Օսկանյանը, համանախագահողներին կասեն, որ այդ հարցն առանց Ղարաբաղի լուծել հնարավոր չէ, ու Հայաստանը մի կողմ կքաշվի: Իսկ Հայաստանի մի կողմ քաշվելը կարող է կրկին անորոշ ժամանակով ձգձգել հարցի լուծումը»: Արտգործնախարարի արտահայտությունը, թե «գիշերները չի քնում՝ հրաշալի հասկանալով, որ «Բաքու-Ջեյհան» նավթամուղի կառուցումից հետո Ադրբեջանի բյուջեն հասնելու է մինչեւ չորս միլիարդ դոլարի», «Հայկական ժամանակ»-ը համեմել է այսպես. - «Այսինքն, դարձյալ վերադառնում ենք 97 թվականին, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ այս պատերազմում վերջնական հաղթանակ կտանի այն կողմը, որն այս տարիների ընթացքում կհզորացնի իր տնտեսությունը»: Իսկ ընդհանուր առմամբ, այս փակ լսումների նպատակն է, ըստ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի, «ձեւականորեն ներքաշել պատգամավորներին քննարկումների մեջ, որպեսզի վաղը պատասխանատվությունը գցեն, իբր, «հարցը ազգովին ենք լուծել» տարբերակի վրա»: «Մասնավոր զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ Ղարաբաղի հարցի լուծման պատասխանատվությունը իրոք տեղափոխվելու է խորհրդարան», - փոխանցում է «Առավոտ»-ի թղթակիցը։ - «Համանախագահների ցանկացած առաջարկ այսուհետ քննարկման առարկա կդառնա խորհրդարանում»: Բացառված չէ, որ արդեն ամենամոտ ապագայում անբարենպաստ տարբերակի դեպքում Հայաստանի Ազգային ժողովն է լինելու «ոչ» ասելու «խոսափողը» եւ հետո նրան միանալու է Լեռնային Ղարաբաղը։

Երեկ լարվածություն էր ծագել Ջավախքում՝ կախված տեղական իշխանությունն էլ փոխելու՝ ախալքալակցիների մի մասի մղման հետ: Սրա հետ կապված «Հայոց աշխարհ» թերթում այսօր ընդգծվում է. - «Ջավախքում տեղական իշխանության ղեկավարների փոփոխության խնդիրն այնքան էլ հրատապ չէ... Ցանկացած պարագայում, կարծում ենք, անհեթեթություն կլինի, եթե ջավախքահայությունը նման հարցի պատճառով երկփեղկվի: Ի վերջո, վիրահայության ու հատկապես ջավախքահայության միասնականության հրամայականը, մանավանդ Վրաստանում ստեղծված ներկայիս իրավիճակում, շատ ավելի գերակա է, քան շրջանի ղեկավարին փոխել-չփոխելու հարցը»:

«Հայաստանյան ընդդիմության բնույթը ինքնակործան է: Ոչ մի խելամիտ բան նա անել ի վիճակի չէ», - որակում է այսօր «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը՝ վրացական իրադարձությունների բերած որոշակի ոգեւորության ու գնահատականների առիթով: Այստեղ տրվում են եւ մեր մի քանի նախարարների արձագանքներ: «Եթե սոցիալ-տնտեսական, քաղաքական գնահատումներով փորձենք համեմատել Հայաստանը եւ Վրաստանը, ապա կտեսնենք, որ կորի երկու ծայրահեղություններ են՝ գագաթ եւ հատակ», - ասում է գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: «Եթե մեր ընդդիմությունը մինչ օրս չի հասկանում Վրաստանի եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակների տարբերությունը, չի նկատում մեր պետության կայացվածության աստիճանը, ժողովրդի խոհեմությունը, ապա ինքնամոլորության մեջ է ընկել», - իր հերթին նախատում է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի հայացքով էլ՝ «ոգեւորության եւ զուգահեռների որեւէ հիմք չի կարող լինել»: «Տնտեսական աճ ունեցող երկրում ընդհանրապես շատ բարդ է ցնցել գործող իշխանությանը», - հիմնավորում է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Այբ-Ֆե» թերթի վրացական վերլուծականում առանձնացված է. - «Սխալ կլինի մտածել, թե Վրաստանում ժողովրդավարությունը հաղթեց ու՝ վերջ, որովհետեւ դժվար թե մի երկիր այդքան արագ ժողովրդավարական դառնա, քանի դեռ այն ղեկավարում ու ուղղորդվում է երրորդ ուժի կողմից... Դեռեւս մեծ հարց է` այս հեղափոխությունը «թավշյա» էր վրաց ընդդիմադիրների՞ շնորհիվ, թե՞ անձամբ Շեւարդնաձեի, որը, ի տարբերություն Հայաստանի ու Ադրբեջանի իր կոլեգաների, խաղաղ ցուցարարների դեմ սկզբից մինչեւ վերջ ուժ չկիրառեց: Իսկ ամենահավանականն այն է, որ Վրաստանն ամբողջ տասնհինգ տարով հետ է ընկել պատմությունից, եւ հիմա այնտեղ հայկական ժամանակով 1988 թվականն է», - եզրակացնում է «Այբ-Ֆե»-ն: Վրացական ընդդիմության առաջնորդներից Զուրաբ Ժվանիան «Ազգ» թերթի թղթակցին ասել է. - «Այո՛, իմ մայրը հայուհի է՝ Ջավախքից, եւ ես դրանով հպարտանում եմ»։ Միեւնույն ժամանակ, Ժվանիան իր երկրի իշխանություններին մի քանի անգամ մեղադրել է իրեն վարկաբեկելու մեջ, երբ խոսք է բացվել իր հայկական ծագման մասին: Ժվանիան թղթակցին նաեւ ասել է, թե «հայ լինելու մեջ մեղադրվող» Նինո Բուրջանաձեն եւ Միխայիլ Սահակաշվիլին որեւէ կապ չունեն հայերի հետ։ Ամեն դեպքում այս օրերին վրաց ազգայնական շրջանակներն այսպես կոչված «վարդյա» կամ «թավշյա» հեղափոխությանը տալիս են «հայկական հեղափոխություն» անունը: Իսկ նրանցից Միխայիլ Սահակաշվիլին, ինչպես փոխանցում են թերթերը, Բաքու - Թբիլիսի թարմ հեռուստակամրջին հայտարարել է. - «Վրաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը կբերի մեր երկրների տարածքային ամբողջականության վերականգնմանը»:

Երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին եւս մեկ՝ 14 միլիոն դոլարի տրանշ տրամադրելուն։ Այս միլիոնները նախատեսված են «Աճի մեխանիզմի ու աղքատության կրճատման ֆինանսավորում» գայթակղիչ անվանումը կրող վարկային ծրագրի համար։ Այս նույն ծրագրով մինչ օրս Հայաստան է մտել 100 միլիոն ամբողջական վարկից 58 միլիոն դոլարը։ Սրա հետ կապված «Առավոտ» թերթը նշում է. - «Եթե չվերադարձնենք, Հայաստանին խաղի իրենց կանոններն ու իրենց պայմանները կպարտադրեն։ Թերեւս սա է այն միակ պատճառը, որը կարող է միջազգային այդ հեղինակավոր կազմակերպությանը ստիպել իր միջոցները քամուն տալ։ Ավելի ստույգ, տրամադրել վարկային ծրագրերին, որոնց մասին կանխավ հայտնի է, որ դրանք իրենց նպատակին չեն ծառայելու։ Կույր պետք է լինել չտեսնելու համար, որ Հայաստանում արդեն ծախսված 58 միլիոն դոլարը եթե անգամ նպաստել է ինչ-որ աճի, ապա ամենեւին՝ ոչ տնտեսական։ Ու աղքատության կրճատմանն էլ ամենեւին չի նպաստել։ Թերեւս ճիշտ կլիներ ծրագիրը վերանվանել «Ունեւորների աճի ու աղքատության ավելացման ֆինանսավորման մեխանիզմ», - առաջարկում է «Առավոտ»-ը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG