Մատչելիության հղումներ

ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Աղքատության կրճատման վարկի հերթական մասաբաժնի հատկացումը Հայաստանին


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը երկուշաբթի օրը հաստատել է Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի օժանդակության 100 միլիոն դոլար վարկի թվով հինգերորդ՝ 14 միլիոն դոլար չափաբաժնի հատկացումը Հայաստանին։ Նախորդ երեք տարիներին այս ծրագրով Հայաստանն արդեն 58 միլիոն դոլար վարկավորում ստացել է։ Այդ գումարներով համալրվել են երկրի արտարժութային պահուստները ու ապահովվել է դրամի կայունությունը։

ԱՄՀ գործադիր խորհրդի որոշման մասին լրագրողներին այսօր տեղեկացրեց Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը:

Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերի տրամադրման պայմանները, Համաշխարհային բանկի իսկապես արտոնյալ վարկերի պայմանների համեմատ բավականաչափ կոշտ են։ Դրանք տրվում են 10 տարով՝ տարեկան 0.5 տոկոս տոկոսադրույքով, մարումը սկսվում է վարկը ստանալուց հետո հինգերորդ տարում։ Հիմնադրամի հետ ներկայումս ընթացքի մեջ գտնվող վարկային ծրագիրը ավարտվում է հաջորդ տարվա հուլիսին։ Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, հետագայում եւս վարկային համագործակցությունը ԱՄՀ-ի հետ կշարունակվի։

Արժույթի միջազգային հիմնադրամից նախկինում վերցված վարկերի մարումը, սակայն, արդեն առաջիկա 3-4 տարիներին շատ ավելի մեծ գումար է կազմելու, քան այդ կառույցից ստացածը։ Միայն 2004 թվականի բյուջեից հիմնադրամի վարկերի մարմանը կուղղվի շուրջ 34 միլիոն դոլար։

Ֆինանսների նախարարը հույս ունի, որ հին պարտքը մարելու համար Արժույթի միջազգային հիմնադրամը նոր պարտք կտա. - «Այդ ծրագիրը իրականացնելու արդյունքում մենք ունենում ենք լրացուցիչ, էժան գումարներ, որով եւ կարող ենք մարել ԱՄՀ-ի նախորդ տարիներին վերցրած պարտքը»:

Դասական իմաստով, սա պարտքային կախվածություն է կոչվում, մինչդեռ, Վարդան Խաչատրյանին այս հանգամանքը, կարծես, չի անհանգստացնում։

Ասուլիսի ընթացքում տեղեկացվեց նաեւ, որ Հայաստանը աշխարհի 54-րդ երկիրն է, որ վերջերս դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների տարածման հատուկ ստանդարտի անդամ։ ԱՊՀ երկրներից այդ համակարգին անդամակցում են Ուկրաինան եւ Ղազախստանը։

«Աշխարհը համոզվել է, որ մեզ մոտ վիճակագրությունը համապատասխանում է միջազգային ամենախիստ, ամենաճշգրիտ չափանիշներին», - մեկնաբանելով հիշյալ համակարգին Հայաստանի միացման փաստը, ասաց Վարդան Խաչատրյանը: Այսինքն՝ Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հավաստի եւ հուսալի է բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ ծրագրեր են կազմում, դրանց հետ կապված որոշումներ կայացնում։

«Այսուհետեւ ե'ւ բոլոր ներդրողները, ե'ւ միջազգային կազմակերպությունները վստահ են, որ այն վիճակագրական տվյալները, որ Հայաստանի Հանրապետությունը հրապարակում է, դրանք հուսալի տվյալներ են, եւ այդ տվյալների վրա հիմնվելով, կարելի է եզրահանգումներ անել», - իր հերթին ասաց ասուլիսին մասնակիցներից Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Հարկ է նկատել, որ տնտեսության մասին լիարժեք տեղեկատվությունը անհրաժեշտ, սակայն, ամենեւին էլ բավարար պայման չէ, որպեսզի ներդրումները հեղեղեն Հայաստանը։ Դրա համար կայունության եւ վստահության ավելի բարձր աստիճան է պետք, քան սոսկ լիարժեք ինֆորմացիա ունենալը։ Ու այն, որ չնայած երկնիշ թվերով տնտեսական աճին ու շատ ցածր սղաճին, արտաքին ուղղակի ներդրումները Հայաստանում չնչին ծավալներ ունեն, հաստատում է հենց նույն անաչառ վիճակագրությունը՝ փաստելով, որ արտաքին ուղղակի ներդրումները կազմում են Հայաստանի համախառն ներքին արդյունքի ընդամենը 6-7 տոկոսը։ Մինչդեռ, դրանք առնվազն 20 տոկոսից պակաս չպետք է լինեին։

Իսկ քանի որ արտաքին ներդրումները սուղ են, երկիրը ստիպված է վարկեր խնդրել միջազգային ֆինանսական կառույցներից:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG