Մատչելիության հղումներ

Պաշտոնական Երեւանը հույս է հայտնում, որ Վրաստանում «շուտափույթ կայունություն կհաստատվի»:


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, հնչեցնելով Հայաստանի պաշտոնական տեսակետը, երկուշաբթի օրը հույս հայտնեց, որ Վրաստանում «շուտափույթ կերպով կվերականգնվի հասարակական անդորրը եւ կհաստատվի կայունություն, որ ոչ միայն անհրաժեշտ է Վրաստանի համար, այլ նաեւ Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի»:

Ընդդիմության ճնշման տակ ավելի քան 30 տարի Վրաստանը ղեկավարած Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո, Վրաստանի նախագահի պարտականությունները, մինչեւ 45 օր հետո կայանալիք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, կատարում է ընդդիմության առաջնորդներից խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն:

Օսկանյանը թեեւ ուղղակիորեն չասաց, բայց հասկանալ տվեց, որ Հայաստանը համագործակցելու է Վրաստանում իշխանության եկած նոր ուժերի հետ:

«Մեր կապերը Վրաստանի հետ շարունակվելու են», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Օսկանյանը: - «Այս պահի դրությամբ կա նախագահի պաշտոնակատար, եւ մենք կաշխատենք նախագահի պաշտոնակատարի եւ նրա կողմից նշանակված համապատասխան մարդկանց հետ»:

Օսկանյանը ասաց, որ Հայաստանը մտահոգությամբ եւ անհանգստությամբ էր հետեւում Վրաստանում ծավալվող իրադարձություններին, որոնք բարեբախտաբար իրենց հանգուցալուծումը գտան առանց բռնությունների եւ մեծ ցնցումների: Նախարարի խոսքերով, Հաայստանը այդ հանգուցալուծման մեծ որեւէ միջամտություն չի ունեցել, թեեւ եղել են հեռախոսազրույցներ ու մտքերի փոխանակություն:

Նախագահ Քոչարյանն այսօր, ի պատասխան լրագրողների հարցերին, նույնպես անդրադարձել է Վրաստանում կատարված իշխանափոխությանը: Չցանկանալով մեկնաբանել այն, նախագահը, այդուհանդերձ, ասաց. - «Վրաստանի տնտեսության վրա սա իր ազդեցությունը թողնելու է, նման կարգի պրոցեսները անհետեւանք չեն լինում ոչ մի երկրի համար»:

«Մեր համար լավագույն սցենարը հետեւյալն էր. որոշակիությունը հաստատվեր հնարավորին շուտ», - շարունակեց Քոչարյանը: - «Եվ այդպես եղավ ըստ էության: Եվ կարծում եմ, որոշակիությունը հնարավորություն կտա տվյալ դեպքում խուսափել այն հնարավոր հետեւանքներից, որոնք կարող էին լինել: Խոսքը գնում է բեռնափոխադրումների ոլորտում հնարավոր պրոբլեմների մասին»:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը նույնպես ը հարկ համարեց նշել, որ Վրաստանի տարածքով Հայաստանի բեռնափոխադրումները չեն ընդհատվել, ապրանքաշրջանառութանա եւ բեռների փոխադրման առումով այս պահին խնդիրներ չունենք:

Քաղաքական բնույթի գնահատականներում հարեւան երկրների եւ ժողովուրդների վրա Վրաստանի օրինակի հնարավոր ազդեցության հարցում Վարդան Օսկանյանը շեշտադրեց Հայաստանի կայունությունը եւ, նրա կարծիքով, «Վրաստանի դեպքերը առավել կայուն են դարձնելու Հայաստանը եկող տարիների ընթացքում»:

Նախարարի խոսքերով, մեր իշխանության, քաղաքական ուժերի եւ ժողովրդի հիմնական ջանքը պետք է ուղղված լինի կայունության պահպանմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը: Նրա կարծիքով, դրանով Հայաստանի հեղինակությունը անհամեմատ ավելանալու է եկող ամիսների ընթացքում:

«Լուրջ հնարավորություն կա որպես հուսալի եւ կայուն պետություն տարածաշրջանում մեր տեղն ու դերը առավել ամրապնդելու համար, եւ դա լուրջ քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ կբերի մեր երկրին», - ընդգծեց նախարարը:

Հարցին, թե Վրաստանի օրինակը արդյո՞ք չի ոգեւորի հայաստանյան ընդդիմությանը, Օսկանյանը պատասխանեց. - «Կարող է ոգեւորվի [ընդդիմությունը]: Բայց, ես կարծում եմ՝ նաեւ կսթափվի: Մեծ հաշվով, այսօր մենք առավել եւս հնարավորություն ենք ստացել աշխարհի առաջ երեւալու որպես Կովկասում ամենակայուն պետությունը: Եթե փորձենք նեղ քաղաքական շահերից ելնելով այդ առիթը կորցնենք, ես ուղղակի կափսոսամ, եւ պատմության առաջ, ես կարծում եմ, որ մենք կմեղանչենք»:

Վկայակոչելով միջազգային հանրության հայտարարությունները Հայաստանի եւ Վրաստանի ընտրությունների վերաբերյալ, Օսկանյանը էական տարբերություններ մատնանշեց: «Հատկապես Միացյալ Նահանգների կողմից արված [հայտարարությունների մեջ], որտեղ հստակ ասվեց, որ ընտրության արդյունքները չեն արտացոլում Վրաստանի ժողովրդի կամքը եւ ցանկությունը... Մեր արդյունքները կասկածի տակ երբեք չեն դրվել»:

Իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներից Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը, ընդունելով, որ հայաստանյան ընտրությունները նույնպես անցել են խախտումներով ու կեղծիքներով, նույնպես էական տարբերություններ մատնանշեց. - «Շատ կարեւոր մի հաստատում կա, որը կատարել են թե միջազգային դիտորդները, թե ընտրություններին հետեւող անաչառ անձինք՝ որ այդ ծավալը չի եղել այնքան, որ կասկածանքի տակ դրվի ընտրությունների արդյունքը»:

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով, հայաստանյան ընդդիմությունը չի կարող կրկնել վրացական փորձը, քանի որ վերջին տարիներին «վերլուծությունների առումով շատ ետ է մնացել»:

Հարցին, թե ինչու Հայաստանյան ընդդիմությունը, ունենալով երկու ընտրություններից հետո նման հնարավորություն, չկարողացավ հասնել իշխանափոխության, ընդդիմության առաջնորդներից «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը ասաց. - «Գործընթացները ավարտված չեն Հայաստանում: Եվ դա առաջին հերթին թող մտահոգի մեր իշխանություններին, որ որեւէ իշխանություն, որին ժողովուրդը չի ընդունում, հավերժ ղեկավարել չի կարող: Հայաստանում էլ կլինի»:

Վրաստանի ընդդիմությունը, նրա խոսքերով, զրկված չէր վարչական, ֆինանսական, քարոզչական ռեսուրսներից. - «Իսկ մեր մոտ, ինչպես ժողովուրդն է իրավազուկ ամբողջապես, այնպես էլ ընդդիմությունն է ամբողջապես իրավազուրկ: Վրաստանը այն աստիճանի ոստիկանապետություն չէր, որ աստիճանի հասել է Հայաստանը»:

«Բարեբախտաբար, իշխանության հանձնումը Վրաստանում տեղի ունեցավ առանց արյունահեղության», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: - «Զուգահեռներ անցկացնել ես չեմ ուզում... Կարող եմ ասել ընդամենը հետեւյալը՝ իսկ ով ասաց, թե Հայաստանի ընդդիմությունը, «Արդարություն» դաշինքը համակերպվել է ոչ լեգիտիմ իշխանության հետ: Ոչ լեգիտիմ նախագահը պետք է հեռացվի, եւ գործընթացը բոլորովին ավարտված չէ»:


Հրաչ Մելքումյան եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG